Ինչպես մեղմել մոծակի խայթոցով պայմանավորված քորը
Տարվա շոգ եղանակներին մոծակները բավական ակտիվ են լինում, ուստի մարդիկ հաճախ են բախվում դրանց խայթոցի դեպքերին։ Մոծակի խայթոցը սովորաբար ուղեկցվում է սաստիկ քորով ու այտուցով՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, մինչդեռ մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել մաշկը քորելուց, քանի որ այդ դեպքում տհաճ զգացողությունները միայն ուժգնանում են։
Մանկաբույժ Իրինա Լիսենկոն gazeta.ru-ի հետ զրույցում ներկայացրել է մոծակի խայթոցով պայմանավորված քորից ազատվելու միջոցներն ու պարզ քայլեր մաշկը չքորելու համար։
Առաջին հերթին քորից ազատվելու համար մասնագետը խորհուրդ է տվել կիրառել ցինկ պարունակող քսուք կամ կալամինի լուծույթ։
«Եթե պապուլայի քորը չափազանց ուժեղ է, ապա կարելի է մեկտոկոսանոց հիդրոկորտիզոնով քսուք քսել», - նշել է մասնագետը՝ հավելելով, որ քսուքը հարկավոր է քսել օրական երեք անգամ մինչև քորը դադարի անհանգստացնել։
Ձեռքի տակ համապատասխան դեղորայքի բացակայության դեպքում բավական արդյունավետ կարող է լինել կերակրի սոդայով ու հասարակ ջրով պատրսատված մածուկը։
«Վիճակը կարող է մեղմել նաև 20 րոպե խայթոցի հատվածում սառը ջրով թրջոց դնելը կամ 10 վայրկյան շարունակ պապուլայի վրա ճնշում գործադրելը», - հավելել է մանկաբույժը։
Լիսենկոյի խոսքով՝ խայթոցի հատվածում մաշկը չքորելու համար հարկավոր է այն ծածկող հագուստ կրել կամ ծածկել պապուլան բժշկական կպչուն ժապավենով։ Եթե մոծակի խայթոցից տուժել է երեխան, ապա ցանկալի է փոքրիկի եղունգները հնարավորինս կարճ կտրել, որպեսզի նա չկարողանա քորել ու գրգռել մաշկը։
Օրվա կարեվոր
- 23:14 • 18.11.24Վերջին 20 տարում կարմրուկի դեպքերն աճել են 20%-ով







