Որ դեպքերում է գլխացավը հուշում կյանքի համար վտանգավոր խնդրի մասին

10:54 • 05.01.23

Ամենալուրջ խնդիրներից մեկը, որի մասին կարող է նախազգուշացնել գլխացավը, ներգանգային բարձր ճնշումն է։ Այս մասին life.ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Վիկտոր Շախնովիչը։

Ինչպես բացատրել է բժիշկը, ներգանգային ճնշման բարձրացումը պայմանավորված է լինում ուղեղ-ողնուղեղային հեղուկի արտադրության և դրա արտահոսքի միջև անհավասարակշռության առկայությամբ։

«Ներգանգային ճնշման պատճառները կարող են շատ լինել՝ վնասվածքներ, ուռուցքներ, վարակիչ հիվանդություններ, հիդրոցեֆալիա, թթվածնաքաղց, ներուղեղային արյունազեղում, ուղեղը սնուցող անոթների լուսանցքի նեղացում, կիստաներ, անոթալայնանքներ և այլն»,- նշել է մասնագետը։

Ներգանգային բարձր ճնշման մասին հուշող ախտանշաններից են գլխացավը, որը տարածվում է նաև աչքերի հատվածում, զարկերակային ճնշման իջեցումը, սրտխառնոցը, թուլությունն ու գլխապտույտը։ Բացի այդ, կարող է նկատվել նաև տեսողության վատթարացում։ Վերոնշյալ ախտանշաններից որևէ մեկի առկայության դեպքում Շախնովիչը խորհուրդ է տվել անհապաղ դիմել մասնագետին։