Ստամոքսի այրոցի դեմ կիրառվող հաբերը կարող են նպաստել թուլամտության զարգացմանը․ հետազոտություն

14:11 • 24.08.23

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները պարզել են, որ թուլամտության (դեմենցիա) և ստամոսի այրոցի դեմ կիրառվող հաբեր գործածության միջև կապ կա։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Neurology ամսագրում։

Բժիշկների խոսքով՝ նման դեղամիջոցները ճնշում են պրոտոնային պոմպի աշխատանքը։ Սա ֆերմենտ է, որը պատասխանատու է ստամոքսի պարիետալ գեղձերի որոշակի բջիջների կողմից աղաթթվի արտադրության համար: Դրա աշխատանքի դադարեցումն ապահովում է ստամոքսի pH բալանսի կայուն բարձրացում՝ նվազագույնի հասցնելով ստամոքսի այրոցի պատճառ հանդիսացող աղաթթվի վնասակար ազդեցությունը։

Գիտնականները 5,5 տարի հետևել են գրեթե 6000 հիվանդի առողջական վիճակին։ Դրանցից մոտ 600-ի մոտ ի վերջո ծերունական դեմենցիա է զարգացել: Հավաքագրված տեղեկատվության վերլուծությունը ցույց է տվել, որ այրոցի դեմ դեղամիջոցների մշտական օգտագործումը 33%-ով մեծացնում է ծերունական թուլամտության զարգացման վտանգը։

Այնուամենայնիվ, չնայած ստացված արդյունքներին, գիտնականները նշում են, որ այս ուսումնասիրությունը չի կարող պրոտոնային պոմպի ինհիբիտորների օգտագործման և դեմենցիայի զարգացման միջև պատճառահետևանքային կապի վերջնական ապացույց հանդիսանալ, ուստի հարկավոր են լրացուցիչ հետազոտություններ ստացված արդյունքները հաստատելու և այս կապը բացատրող ճշգրիտ մեխանիզմը պարզելու համար։