Ռումինիայում տեղի է ունեցել Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված երեկո

17:29 • 16.12.08

Դեկտեմբերի 12-ին Ռումինիայի գրողների միության դահլիճում տեղի է ունեցել հոբելյանական երեկո` նվիրված Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին։ Այն կազմակերպել էին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը, Ռումինիայի գրողների միությունը, Ռումինիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչությունը և Ռումինիայի հայոց միությունը։

Մեծ գրողի կյանքին ու ստեղծագործությանն իրենց ելույթներում անդրադարձել են Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Բուխարեստի թատերական և կինոարվեստի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Տիտուս Վիժեուն, լրագրող և թարգմանիչ Մադլեն Կարակաշյանը, Ռումինիայի գրողների միության քարտուղար Իրինա Հորեան, ռեժիսոր և դերասան Ֆլորին Գևորգյանը։

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են դրվագներ Վիլյամ Սարոյանի մասին ֆիլմերից, այդ թվում` Հայաստան այցելությունների ընթացքում նկարահանված, ներկայացվել են գրական կատարումներ։

Ներկա էին գրական, հասարակական շրջանակների, դիվանագիտական անձնակազմի, ԶԼՄ-ների, հայ համայնքի ներկայացուցիչներ։