Երևանում հնչեց Վադիմ Ռեպինի ջութակը

10:44 • 17.12.08

Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես եկավ անվանի ջութակահար Վադիմ Ռեպինը Հայաստանի երիտասարդական նվագախմբի ուղեկցությամբ: Նվագախմբի կատարմամբ հնչեց Բիզե-Շչեդրինի «Կարմեն-Սյուիտ»-ը, իսկ Ռեպինի ջութակը հնչեցրեց Չայկովսկու ջութակի կոնցերտը: Հայ հանդիսատեսը երկարատև ծափերով ու սպասված բիսով ողջունեց հանրահայտ ջութակահարին:

Վադիմ Ռեպինի համերգը կազմակերպվել էր մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

1971թ-ին Նովոսիբիրսկում ծնված Վադիմ Ռեպինը ջութակը ձեռքն է վերցրել դեռ 5 տարեկանում ու մեկ տարի անց արդեն հանդես եկել համերգով: Նա ամենաերիտասարդ ջութակահարն է, որ միջազգային մրցույթում արժանացել է Բելգիայի Եղիսաբեթ թագուհու 1-ին մրցանակին: Նա հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավո բեմերում բազում հայտնի նվագախմբերի հետ:

Հայաստանի Երիտասարդական նվագախումբը կազմավորվել է 2005թ. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներից: Նվագախմբի գլխավոր դիրիժորն է՝ Սերգեյ Սմբատյանը, ով կոնսերվատորիայի ջութակի և սիմֆոնիկ դիրիժորության բաժինների ասպիրանտ է: 2008թ. հունվարից Հայաստանի երիտասարդական նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել: