«Հայոց ցեղասպանությունը շուտով կճանաչվի», կարծում է Արա Գևորգյանը

15:02 • 19.12.08

Երգահան Արա Գևորգյանը հավատացած է, որ հայոց ցեղասպանությունը շուտով կճանաչվի: Նման համոզմունքի համար հիմք են ծառայում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ մասնավորապես վերջերս թուրք մտավորականների կողմից ստորագրված նամակը, որով նրանք ներողություն են խնդրում հայերից ցեղասպանության համար: Բացի այդ, Արա Գևորգյանը նշում է, որ աստիճանաբար ավելանում է մեր բարեկամ երկրների և համախոհների շարքը:

«Ես պահանջատեր եմ, առավել ևս որ վանեցու թոռ եմ», - ասում է Արա Գևորգյանն ու հիշեցնում, որ պատմությունը երբեք չի ջնջվում: Երգահանը բացատրում է, որ ինքը պատերազմներին շատ դեմ է ու միշտ խաղաղություն է քարոզում և կարծում է, որ երկխոսության լավագույն ճանապարհները արվեստն ու մշակույթն են: Թեև ընդունում է, որ սեպտեմբերին կայացած Հայաստան-Թուրքիա խաղն ու Թուրքիայի նախագահի այցը մեծ տեղաշարժ գրանցեցին հայ-թուրքական հարաբերություններում:

Ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչում է Արա Գևորգյանի «Ադանա» ստեղծագործությունը, որը կատարում են մի խումբ երգիչներ 17 տարբեր լեզուներով: