Երգահան Արա Գևորգյանն ամփոփեց իր ստեղծագործական տարին

15:41 • 19.12.08

Երգահան Արա Գևորգյանի համար անցնող 2008թ-ի կարևորագույն նվաճումներից է հայ մարզիկների օրհներգի ստեղծումը, որն ուղեկցում էր մեր մարզիկներին օլիմպիական խաղերի ընթացքում: Օրհներգի բառերի հեղինակը Արամայիս Սահակյանն է:

Արա Գևորգյանը կարևորում է նաև խաղաղության տարածմանն ուղղված իր ստեղծագորական քայլերը։ Այս տարի հասցրել է ավարտել աշխարհի խաղաղության երգը, որի խոսքերի հեղինակը ֆինն երգչուհի է: Այն կհնչի մի քանի լեզուներով:

Իսկ մինչև տարեվերջ Արա Գևորգյանը կթողարկի իր նոր ձայնասկավառակը, որ կոչվում է «Վաղարշապատ» և ամփոփում է նրա համերգների լավագույն ստեղծագործությունները: Առաջիկայում մտադիր է ավարտին հասցնել մոսկովյան Կրեմլում կայացած իր համերգի և «Սիրեցեք զմիմեանս» սկավառակի DVD տարբերակները:

Արա Գևորգյանը գիտի, թե ինչով է զբաղվելու նաև 2009թ-ին: Պատրաստվում է շարունակել համաշխարհային խաղաղությանը նվիրված իր համերգային շրջագայությունը աշխարհի տարբեր երկրներում՝ Հնդկաստանից մինչև Բրազիլիա, և ավարտել այն 2010թ-ին Երևանում: