Ազգային պատկերասրահում նշում են Հակոբ Կոջոյանի 125-ամյակը
Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված անվանի հայ նկարիչ Հակոբ Կոջոյանի 125-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են Կոջոյանի բազմաժանր արվեստի տարբեր նմուշներ՝ գրաֆիկա, գեղանկարչություն, բեմանկարչություն և այլն:
Հակոբ Կոջոյանը համարվում է ժամանակակից հայ գրքային գրաֆիկայի հիմնադիրը: Նրա ձևավորմամբ նոր շունչ են ստացել «Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը, «Սասնա Ծռեր»-ը, «Գուլիվերի Ճանապարհորդությունը» և այլ հանրահայտ ստեղծագործություններ:
Հակոբ Կոջոյանը նաև մեծ գեղանկարիչ էր. նրա հատկապես պարսկական թեմաներով արված շարքը հիացնում է կատարման վարպետությամբ, արևելյան կոլորիտի նման կատարյալ փոխանցմամբ: Պարսկական շարքի որոշ ստեղծագործություններ ընդգրկված են Կոջոյանի հոբելյանական ցուցահանդեսում:
1934թ. Երևանի կենտրոնում կառուցվել է մի եռահարկ առանձնատուն և տրամադրվել Հակոբ Կոջոյանի և քանդակագործ Արա Սարգսյանի ընտանիքներին: 1973թ. առանձնատունը դարձել է Ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ 2 արվեստագետների տուն-թանգարանի կարգավիճակով: Այնտեղ ցուցադրվում են նրանց ստեղծագործությունները:
Հակոբ Կոջոյանը ծնվել է Ախալցխայում, կրթություն ստացել Վլադիկավկազի ուսումնարանում, ապա Մոսկվայում՝ Պրուսովի արվեստանոցում, այնուհետև ուսումը շարունակել է Մյունխենում՝ Անտոն Աշբեի գեղարվեստական ստուդիայում և տեղի Գեղարվեստական ակադեմիայում:










