Ռումինիայում նշել են Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը
Դեկտեմբերի 19-ին Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի դահլիճում կայացել է հոբելյանական նիստ` նվիրված Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին։ Այն կազմակերպել էին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը, Ռումինիայի Գիտությունների ակադեմիան, Ռումինիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչությունը և Ռումինիայի հայոց միությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Մեծ գիտնականի կյանքին ու գործունեությանն իրենց ելույթներում անդրադարձել են Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Իոնել Հայդուկը (Ionel Haiduc), Ռումինիայի հայոց միության նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian), Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը։
Այնուհետեւ զեկույցներով հանդես են եկել պրոֆեսոր Իերոնիմ Միհաիլան (Ieronim Mihaila)` «Վիկտոր Համբարձումյանը 20-րդ դարի առաջին մեծության աստղագետ», և դոկտոր Մագդա Ստավինսկին (Magda Stavinschi)` «Վիկտոր Համբարձումյանը Ռումինիայում» թեմաներով։ Ցուցադրվել են դրվագներ Վիկտոր Համբարձումյանի մասին ֆիլմերից։
Հոբելյանական նիստին ներկա են եղել Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի անդամներ, Ռումինիայում հավատարմագրված դեսպաններ, գիտական, հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների, հայ համայնքի ներկայացուցիչներ։










