Երկու օրվա ընթացքում վիրավորվել է «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի երկու ջութակահար

15:36 • 23.12.08

Մոսկվայում երկու օրվա ընթացքում կատարվել է երկու հարձակում «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ջութակահարների վրա:

Հանցագործների երկրորդ զոհն է դարձել «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի ջութակահար Դենիս Շուլգինը, ում վրա հարձակումը կատարվել է երկուշաբթի երեկոյան: Այդ մասին հաղորդում է Newsru.com-ը:

Չարագործները ծեծի են ենթարկել ջութակահարին և խլել անհայտ վարպետի աշխատանքի ջութակը: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց գանգուղեղի կոտրվածքով:

Հիշեցնենք, որ մեկ օր առաջ տուժել էր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի մեկ այլ երաժիշտ: Այդ ժամանակ անհայտ հինգ հանցագործների զոհ էր դարձել «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի առաջին ջութակ Գեորգի Ցայը: 29-ամյա երաժշտին դանակահարել էին և խլել պայուսակը: Ջութակահարը ոտքի, ձեռքերի և որովայնի վնասվածքներ է ստացել: