Ամփոփվեց հայկական ջազի տարին. ամենամեծ հոնորարը՝ Ալ Ջերոյին
«Հայկական ջազ – 70» կազմկոմիտեի նախագահ Լևոն Մալխասյանն ու նախագծի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը, ամփոփելով հայկական ջազի տարին, նշեցին, որ ընդհանուր առմամբ հասել են իրենց նպատակին, իրականացրել են նախատեսած քայլերը: Կարողացել են Երևան բերել ջազի այնպիսի անունների, ինչպիսիք են Ալ Ջերոն, Նինո Կատամաձեն, Տաթևիկ Հովհաննիսյանը և մի քանի այլ երաժիշտների, ովքեր իրենց բացառիկ համերգներով ցնցեցին երևանյան բեմերն ու հայ երաժշտասեր հասարակությանը:
Խոսելով ծախսերի ու հոնորարների մասին՝ հայկական ջազին նվիրված համերգաշարի կազմակերպիչները խոստովանեցին, որ ամենամեծ հոնորարը Ալ Ջերոյին են տվել, սակայն դա կապված չէ համերգի որակի հետ, քանի որ իրենք շատ են հավանել Կոնստանտին Օրբելյանի 80–ամյակի առթիվ կազմակերպված համերգը, որի մասնակիցներին ընդհանարապես հոնորար չեն վճարել:
Տարվա ընթացքում հնարավորություն ունեցան պայմանավորվածություն ձեռք բերել Բերկլիի ջազային քոլեջի հետ, և 2009թ-ի ընթացքում մրցույթում ընտրված 2 երիտասարդ երաժիշտներ 6 շաբաթյա անվճար ուսուցում կանցնեն այնտեղ:
Ողջ տարվա ընթացքում հայկական ջազի տոնակատարություններին աջակցում էր մշակույթի նախարությունը. նախարարի խորհրդական Րաֆֆի Զաքարյանը նշեց, որ աջակցությունը հիմնականում տեխնիկական ու կազմակերպչական էր, և միայն որոշ չափով ֆինանսական:
Հոբելյանական տարվա կազմակերպչական մասում որոշ բացթողումներ, իհարկե, եղել են, կազմակերպիչների համար, օրինակ, անհաջողություն էր Ջորջ Բենսոնի այդպես էլ չկայացած համերգը, որին բավական երկար էին պատրաստվում: Ասացին, որ Բենսոնը համերգային շրջագայությամբ պետք է այցելեր մեր տարածաշրջանի ավելի քան 15 քաղաքներ, բայց տեխնիկական պատճառներով ի վերջո հրաժարվել է այդ նախաձեռնությունից՝ գուցե հաջորդ տարվան թողնելով: «Հայկական ջազ – 70» կազմկոմիտեն, որ կոչված էր տոնել մեր ջազի հոբելյանը, հույս ունի գալիք տարի անպայման իրականացնել Բենսոնի համերգը Երևանում:
Այս օրերին ավարտին են հասցվում հայկական ջազի պատմությունն ամփոփող գիրքն ու վավերագրական ֆիլմը, կթողարկվեն նաև համերգների տեսասկավառակներ:










