Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

08:37 • 09.01.09

Կինոյի իր ընկալմամբ աշխարհին ցնցած կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովն այսօր կդառնար 85 տարեկան: Պատմական զարգացումների, ժամանակի ու իրավիճակի բերումով ստեղծագործելու սահմանափակ հնարավորություններով օժտված Փարաջանովն այդուհանդերձ կարողացավ մարդկանց մատուցել նոր կինո, որը հիմնեց կերպարվեստի վրա՝ մեկընդմիշտ հաստատելով իր տեղը 20-րդ դարի ամենանշանավոր ռեժիսորների շարքում:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում և անցել կյանքի ու ստեղծագործության քարքարոտ ճանապարհներ: 1968թ-ին նա ստեղծեց իր ռեժիսորական մտքի գլուխգործոցը՝ «Նռան գույնը» կամ «Սայաթ-Նովա»-ն, որը վերջնագրի նման մի բան դարձավ խորհրդային իշխանությունների համար. 1973-1977թթ-ին Փարաջանովի ստեղծագործ ոգին լռեցվեց խորհրդային բանտերում: Այդ տարիներին էր, որ ազատության մեջ թողած տեսախցիկը փոխարինեց արվեստի այլ գործիքներով: Այսօր Երևանում գտնվող Փարաջանովի տուն-թանգարանում պահվում են նաև աշխատանքներ, որոնք անազատության մեջ են ստեղծվել: Տուն-թանգարանի պատերը ողողված են կոլաժներով, ծավալային կերպարներով, որոնք ամփոփում են Փարաջանով մարդու և արվեստագետի հուշերը, տպավորություններն ու զգացողությունները:

Ի դեպ, Երևանում Փարաջանովի տուն-թանգարանը բացվել է նրա մահից հետո միայն: Բնակության և թանգարանի համար տարածքը տրամադրվել էր դեռ 1988թ-ին, սակայն աղետալի երկրաշարժի պատճառով հետաձգվել էր նորոգումն ու բացումը: Շենքն իր դռները բացեց միայն 1991թ-ին՝ Սերգեյ Փաևաջանովի մահից մեկ տարի անց: