Մշակույթի նախարարն ամփոփեց 2008 մշակութային տարին

09:37 • 13.01.09

2008 թվականը հարուստ մշակութային տարի էր, այս մասին կարող ենք հետևություն անել՝ ծանոթանալով մեր երկրում մշակույթի ոլորտի գլխավոր պատասխանատուի՝ մշակույթի նախարարի տարեկան հաշվետվության ծավալներից: Տարվա համար նախատեսած ծրագրերի կատարումից ու մշակույթի նախարարության գործունեությունից Հասմիկ Պողոսյանն ընդհանուր առմամբ գոհ է: Նա անդրադարձավ մշակույթի համար գերակա ուղղություններին ու սկսված տարվա համար նախատեսված որոշակի ծրագրերի:

2008-ի մշակութային ձեռքբերումներից Հասմիկ Պողոսյանը նախ առանձնացրեց մշակութային կրթության ոլորտում կատարված քայլերը, որոնք հիմնարար էին: Օրինակ թարգմանվեց տասնյակ անուն երաժշտական գրականություն, որը, ըստ նախարարի, աննախադեպ ու վաղուց արդեն չսպասված երևույթ էր: Կրթությունից բացի, մեծ ուշադրություն հատկացվեց մասնագետների վերապատրաստման գործընթացին: Մասնավորապես արժևորվեց մեր երկրին ու մշակույթի տարբեր բնագավառներին անհրաժեշտ մասնագետությունների կարևորությունը, որպիսիք վաղուց անտեսված էին: Օրինակ, Իտալիայի պետական դրամաշնորհի միջոցով այս տարվանից իտալացի մասնագետների մասնակցությամբ կվերապատրաստվեն հուշարձանները վերակագնող մասնագետներ:

Ի դեպ, Հասմիկ Պողոսյանը մեծապես կարևորեց Եվրամիության երկրների հետ համագործակցությունը, ինչի արդյունքում բազում դրամաշնորհներ տրամադրվեցին մեր երկրի մշակույթի ոլորտին, կատարվեցին մի շարք ներդրումներ:

Անցած տարվա կարևոր ձեռքբերումներից մեկը նախարարը համարեց հոբելյանները նոր, փոփոխված ու ժամանակակից ձևաչափում մատուցելը, ինչը կշարունակեն նաև այս տարի: Տարվա կարևորագույն հոբելյաններից են Սերգեյ Փարաջանովի 85 և Հովհաննես Թումանյանի 140 ամյակները: Փարաջանովի հետ կապված առանձին ծրագիր են այժմ մշակում, նախատեսում են աշխարհահռչակ ռեժիսորին ներկայացնել Հայաստանից դուրս, այն երկրներում, որտեղ առավել քիչ գիտեն Փարաջանովին:

Մշակույթի նախարարը հատուկ ուշադրության արժանացրեց այն փաստը, որ աստիճանաբար մեծանում է հովանավորների հետաքրքրությունը մշակութային միջոցառումների նկատմամբ, ինչն, ըստ նրա, միայն որակապես նպաստում է գործին:

Նախարարը խոսեց նաև թերացումների մասին, որոնք հիմնականում անավարտ գործերն են՝ մեծամասամբ թատերական բեմադրություններ: Սակայն, վերջիններս էլ, ըստ նրա, ցույց են տալիս, որ ոչինչ միանշանակ չէ, և բարձրացնում են պատասխանատվության զգացողությունը: Ինչ վերաբերում է մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարի խնդրին, Հասմիկ Պողոսյանը հավատացնում է, որ այնտեղ բեմադրվում են ներկայացումներ, թատրոնն ապրում է բնականոն կյանքով, գեղարվեստական խորհուրդը դեռ դժգոհություններ չի առաջացրել:

Մշակույթի նախարարը հատուկ դիպլոմներով առանձնացրեց 2008թ-ի ընթացքում աչքի ընկած և մշակութային դաշտում նորություններով հանդես եկած գործիչներին՝ ի դեմս Նարինե Թուխիկյանի, Ժիրայր Դադասյանի, Ռաֆայել Հովհաննիսյանի, այլոց: