2009-ը՝ հոբելյանների տարի

10:41 • 14.01.09

Նոր սկսված տարին հարուստ է մի շարք կարևոր հոբելյաններով, որոնք, ինչպես օրեր առաջ նշեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շարունակելու են նշվել նոր, ժամանակակից միտումներով:

Հայ արվեստում և մշակույթում մեծ վաստակ ունեցող անհատներից շատերը ծնվել են 1924թ-ին և այս տարի բոլորում կամ կբոլորեին 85 տարին: Կենդանության օրոք իր հոբելյանը կնշի շանսոնի անգերազանցելի հսկան՝ ֆրանսահայ տաղանդավոր երգիչ Շառլ Ազնավուրը: 85 կդառնար հայազգի մեկ այլ հսկա՝ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ով իր կինոմտածողությամբ նոր շունչ բերեց համաշխարհային կինեմատոգրաֆ: Այս տարվա հոբելյանական 85-ի շարքը լրացնում է գրչի մեծ վարպետներից մեկը՝ Պարույր Սևակը:

2009-ին իր 90-ամյակը կտոներ նաև Սիլվա Կապուտիկյանը: Ի դեպ հոբելյանի առթիվ վերջապես կբացվի նրա տուն-թանգարանը: Գրող Հրաչյա Քոչարը ծնվել է 100 տարի առաջ, այսինքն 2009-ը նրա համար մեկդարյա հոբելյանի տարի է, իսկ մեկ այլ մեծանուն Քոչար՝ կերպարվեստում իր նորարար սկզբունքներով հաստատված քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարը, այս տարի կդառնար 110 տարեկան:

Արևեմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի համար տարին նույնպես հոբելյանական է, նա ծնվել է 125 տարի առաջ: Դե իսկ կյանքի 140-րդ տարին այս տարի հոբելյան կդառնա 4 մեծանուն հայերի համար՝ Կոմիտաս, Երվանդ Օտյան, Լևոն Շանթ և Հովհաննես Թումանյան: Հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի համար էլ 2009-ը մեծ հոբելյանի տարի. նա ծնվել է ուղիղ 2 դար առաջ: