Աննա Մելիքյանի ֆիլմը դուրս մնաց «Օսկարի» համար պայքարից

13:22 • 15.01.09

Կինոմշակույթի և գիտությունների ամերիկյան ակադեմիան հրապարակել է «Օսկար»–ի մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու» ֆիլմ անվանակարգում հայտավորված ութ ֆիլմերի անունները։ Ինչպես տեղեկացնում է kinopoisk.ru–ն, ընդհանուր առմամբ եղել են 65 թեկնածու–ֆիլմեր։

Ռուսաստանը ներկայացրել էր Աննա Մելիքյանի «Ջրահարս» ֆիլմը։ Այս ֆիլմը նախորդ տարի մեծ ժողովրդականություն էր վայելում Սանդենսի անկախ կինոյի փոռատոնում, երբ ամերիկյան լրատվամիջոցները բավական երկար անդրադարձան դրան։ Ֆիլմը մինչև վերջերս հավակնում էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի թեկնածուների շարքում տեղ զբաղեցնելու համար, սակայն, այնուամենայնիվ այն դուրս է մնացել հետագա պայքարից։

Ցուցակում հայտնվել են Ֆրանսիան ներկայացնող «Դասարան» ֆիլմը (ռեժիսյոր Լորան Կանտ), որը Կաննի վերջին կինոփառատոնի ժամանակ շահել էր «Ոսկե արմավենի» մրցանակը, Իսկայելը ներկայացնող «Վալս Բաշիրի հետ» անիմացիոն փաստագրական ֆիլմը, Գերմանիան ներկայացնող «Բադեր Մայնհոֆի խմբավորումը» ֆիլմը, ինչպես նաև ֆիլմեր Կանադայից, Ճապոնիայից, Մեքսիկայից, Շվեդիայից և Թուրքիայից։

Ներկայումս ընտրվել են կիսաեզրափակչի ֆիլմերը։ Ցուցակը դեռևս կրճատվելու է մինչև հունվարի 22–ը, երբ պաշտոնապես կհայտարարվի թկնածուների վերջնական հնգյակը։

«Օսկար»–ի հանձնման արարողությունը կկայանա փետրվարի 22–ին։