Ներկայացվել է «Արարատ» մշակութային ալիքի ղեկավար կազմը

16:14 • 24.02.09

«Արարատ» հյուրանոցում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը ներկայացրել է «Նոր ալիքին» նախորդ տարվա սեպտեմբերի 21–ից փոխարինած «Արարատ» մշակությաին հեռուստաալիքի ղեկավար կազմին։ «Արարատ» մշակութային ալիքի ղեկավար է նշանակվել Մերուժան Տեր–Գուլանյանը։ Մշակութային հեռուստաալիքի գլխավոր խմբագիր է նշանակվել Գնել Նալբանդյանը, իսկ գլխավոր պրոդյուսերն է Արամ Սուքիասյանը։
Ալեքսան Հարությունյանը նշել է, որ հեռուստաալիքը բացվել է նախորդ տարվա սեպտեմբերին և բավական հապճեպ ձևով՝ «Հ1»–ի հենքի վրա, և խնդիր կա հետագայում աշխատել այնպես, որ ստացվի այն ալիքը, որը «բոլորս ցանկանում ենք ունենալ»։

Մերուժան Տեր–Գուլանյանն, անկեղծանալով ասել է, թե հույս չուներ այլևս որևէ պետական պաշտոնում աշխատանքի անցնելու, քանի որ այլ ծրագրեր ուներ, սակայն նախագահ Սերժ Սարգսյանի գաղափարն (մշակութային հեռուստաալիք ստեղծելու գաղափարը հանրապետության նախագահինն է–հեղ.) այնքան գայթակղիչ է եղել, որ հայտնվել է այդ գործընթացում։ «Արարատի» նոր ղեկավարն ասել է, որ հեռուստաալիքում փոփոխություններ կլինեն, և այն իր նոր դեմքով, նոր գույնով ու լոգոյով եթերում կլինի եկող սեպտեմբերին։

«Մշակույթն այսօր Հայաստանում տնվորի կարգավիճակում է»,– հայտարարել է Մերուժան Տեր–Գուլանյանն ու հավելել, որ մեր ազգը մշակութակիր ազգ չէ, միայն խոսում է մշակույթի մասին։

«Պետք է փորձենք մեր մշակույթը վերադարձնել ժողովրդին, օտարի մշակույթը ներկայացնենք մեր ժողովրդին, մերը ներկայացնենք օտարին»,– մշակութային ալիքի ընդհանուր գործունեությունը գծագրել է Տեր–Գուլանյանը։

Ի դեպ, «Արարատը» չի հավակնելու էլիտար հեռուստաընկերություն լինելուն։ Այս մասին ևս ասել է ալիքի նորանշանակ ղեկավարն ու ընդգծել, որ ինքը սկզբունքորեն դեմ է «էլիտար հեռուստաընկերություն» կոչվածին։ Փախարենը, ըստ ղեկավարի, այն պետք է լինի «հայկական մշակութային հիմքով և հայկական մշակույթ հագած»։