“Ռեժիսորներ առանց սահմանների” ֆորումը կկայանա 3-րդ անգամ
Այս տարի “Ոսկե ծիրան” կինոփառատոնը կկայանա 6-րդ անգամ` հուլիսի 12-19-ը, որի շրջանակներում արդեն 3-րդ անգամ կանցկացվի “Ռեժիսորներ առանց սահմանների” տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը: Ծրագրի առաքելությունն է խրախուսել տարածաշրջանի կինոգործիչներին և հատկապես համատեղ ֆիլմարտադրությունը: Իսկ տարածաշրջանը ներառում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և ՌԴ-ի հյուսիսկովկասյան մասը, հարավ-արևելյան Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Մերձավոր արևելքը (ներառյալ Մոլդովան, Ուկրաինան, Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Աֆղանստանը, Իրանը, Թուրքիան և այլն):
“Ռեժիսորներ առանց սահմանների” ֆորումի ընթացքում ռեժիսորներն ու պրոդյուսերները ներկայացնում են զարգացման փուլում գտնվող խաղարկային-լիամետրաժ կամ լիամետրաժ-վավերագրական ֆիլմերի նախագծեր ու հավակնում դրամական պարգևների Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերտ Բալս հիմնադրամի և “Ոսկե ծիրան” կինոյի զարգացման հիմնադրամի կողմից: Ֆորումը ներառում է սեմինարներ, նախագծերի ներկայացում, անհատական հանդիպումներ, տարածաշրջանային ֆիլմերի ծրագրի ցուցադրություն և այլն:
2008թ-ին “Ռեժիսորներ առանց սահմանների” տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումին ներկայացվել է 33 նախագիծ, որոնցից 3-ը հաղթող է ճանաչվել:
3-րդ ֆորումի համար հայտեր ընդունվում են մինչև մայիսի 15-ը:










