«Գրականությունը հեռացել է ընթերցողի՞ց» կամ չարենցյան անտիպների հետքերով

15:40 • 17.03.09

Էլի իմ դեմ է պատկերդ,
Էլի ուզում եմ ես քեզ,
Էլի թեքվում են մտքերս
Դեպի մարմինդ հրկեզ։
Էլի սուզում եմ իմ մտքում
Նիզակս հուր քո մեջ, -
Նվաղում ես դու կիսաքուն
Գգվանքներով քո շեջ...

Ե. Չարենց (Բնագիր հանդեսի 8-րդ համարից)

2008թ-ի սեպտեմբերին Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել Չարենցի ձեռագրերի վաճառք պետությանը` շուրջ 275 էջ ինքնագիր թղթեր, այդ թվում և անտիպներ։ Ձեռագրերի արժեքը սահմանվել էր 8 մլն դրամ, հետո պարզվել է, որ մշակույթի նախարարությունը միայն 70 տոկոսն է գնել` գումարի առկայության դեպքում մյուս մասն էլ գնելու պատրաստակամությամբ։ Ձեռագրերի այս հատվածը գնվել է մի անհատից, ում ձեռքերում դրանք հայտնվել են Արտաշես Էմինի հետ կատարած գործարքի արդյունքում։ Վերջինս էլ Չարենցի անտիպները ժառանգություն էր ստացել հորից` Գևորգ Էմինից, ով ներկա է եղել Չարենցին իր տնից վտարելու և իրերը դուրսբերելու ժամանակ և կարողացել էր վերցնել անտիպ ժառանգության մի մասը, որի մասին երկար ժամանակ լռում էր։

Անտիպ այդ էջերը մինչև Էմինի ձեռքերում հայտնվելն էլ երկար ճանապարհ են անցել ու հասանելի են եղել շատ քչերի։ Բայց հենց այդ անտիպ էջերում է բացահայտվում մի Չարենց, որին շատերս չենք ճանաչում։ Անտիպ էջերում տեղ են գտել սեռական բնույթի բանաստեղծություններ, որոնք հրեա գրականագետ Ջեյմս Ռասելին հնարավորություն էին տվել եզրակացնելու, որ Չարենցը նաև միասեռական է եղել։ Իսկ Ռասելին չարենցյան այդ բանաստեղծությունները փոխանցել և տպագրելու թույլտվություն տվել էր հենց Արտաշես Էմինը։

Այս պատմությունն ու դրա շուրջ արված վերլուծությունները վերջին շրջանում հայտնվել են մամուլի ու արվեստի գործիչների ուշադրության կենտրոնում։ Թեմայի շուրջ խոսակցություն ծավալվեց նաև այսօր «Հայելի» ակումբում` գրականագետ Դավիթ Գասպարյանի և արվեստի քննադատ, ժամանակակից արվեստագետ Արման Գրիգորյանի մասնակցությամբ։

Գրականագետ Դավիթ Գասպարյանը, ով, ծանոթ լինելով չարենցյան անտիպների բովանդակությանը, լուրջ զայրանում է ոչ պրոֆեսիոնալ կարծիքներից ու եզրակացություններից։ Նա մեծ ցանկություն ունի, որ պետությունն ամբողջությամբ գնի այդ ձեռագրերը և թույլ չտա, որ «ինչ-որ անհատներ մի քանի տող այստեղ-այնտեղ տպագրեն ու կարծիքներ կազմեն»։ «Բանաստեղծությունների այս շարքը Չարենցն ինքը խնդրել է չփչացնել ու հանձնել թանգարանին», - նշում է գրականագետը։ Նա հավատացնում է, որ անգամ 1930-ական թթ-ին Չարենցն այնքան ազատ մտածող ու պայքարող էր, որ երբեք չընկճվեց տոտալիտալ ռեժիմից ու ի վերջո զոհ գնաց հանուն գրականության։

Չարենց գրողին ու նրա անտիպ էջերի հետ կապված աղմուկը բոլորովին այլ դիրքերից է մեկնաբանում Արման Գրիգորյանը, ով համոզված է, որ «30-ականների արվեստի հետ կապված միշտ ինչ-որ խնդիր կա, որ, օրինակ, միշտ գովելով Չարենցին` ուզում ենք ինչ-որ բան թաքցնել»։ Արման Գրիգորյանը խոսում էր արվեստում տոտալիտարիստական պատկերացումների մասին, որ արվեստը ղեկավարելու չինովնիկական ցանկությունը սկսվել է 1920-ականների վերջից ու շարունակվում է մինչև այսօր։ Չարենցով առանձնապես հիացած չէ Արման Գրիգորյանը, բայց այս թեման նրան հետաքրքրում է այն առումով, որ գոնե հիմա պետք է կարողանալ համեմատել, ստեղծագործողին տեսնել իր ժամանակի մեջ, միջազգային համատեքստում։ Չարենցի դեպքում Արման Գրիգորյանը կոչ է անում վերջ դնել նրա շուրջ ձևավորված պաշտամունքին ու դիտարկել որպես պոետ, այլ ոչ թե կոթող։

Գրականագետ Դավիթ Գասպարյանի համոզմամբ մեր ժամանակների ազատությունը գռեհկաբանության ու այլասերվածության, սեքսուալ մերկության է տանում, ու հենց այդ պատճառով, ըստ նրա, ոչ թե ընթեցողն է հեռացել գրականությունից, այլ հակառակը։ Իսկ Արման Գրիգորյանը պնդում է, որ գրականությունն այլևս չպիտի ծառայի պետությանը, որ պետք է նաև վերանայել ժամանակը։ Նա մեջբերում է Հրանտ Մաթևոսյանին, ով նախկինում «Բնագիր» իսկ այժմ «Ինքնագիր» հանդեսի խմբագիր, գրող Վիոլետ Գրիգորյանի մասին ասել է, թե «Չարենցից պակաս գրող չէ»։