Մեկնարկում են «Գերմանիայի շաբաթները»

11:26 • 19.03.09

Մարտի 20-ին Ազգային պատկերասրահում կբացվի գերմանացի անվանի նկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքների ցուցահանդեսը, որով կմեկնարկեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության և մշակույթի նախարարության համագործակցությամբ անցկացվող Գերմանիայի շաբաթները Հայաստանում:

Հորսթ Յանսենի ցուցահանդեսում կներառվի շուրջ 160 աշխատանք, որոնք ներկայացնում են նկարչի ստեղծագործությունը 1950-ականների վերջից մինչև 1970-ականների կեսերը: Ցուցահանդեսի բացման հաջորդ օրը` մարտի 21-ին, կկայանա նաև Յանսենի ժառանգությանը նվիրված դասախոսություն: Իսկ ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև ապրիլի 12-ը, այնուհետև կներկայացվի նաև Գյումրիում, Մարտունիում և Կապանում:

Հորսթ Հանսենը 20-րդ դարի գերմանացի ճանաչված գծանկարիչներից է, 1968թ-ին ստացել է իր կարևորագույն մրցանակներից մեկը Վենետիկի Բիենալեի կողմից: Նա հմուտ էր հատկապես լիտոգրաֆիայի արվեստում, մեծապես ազդվել է ճապոնական փորագրանկարներից: