«Գոյ» թատրոնն իր հոբելյանական թատերաշրջանը սկսում է պրեմիերայով
Այսօր «Գոյ» փորձարարական թատրոնը կսկսի իր «20 տարի անց» հոբելյանական թատերաշրջանը «Մարատ/ՍԱԴ» ներկայացման պրեմիերայով: Պետեր Վայսի պիեսի հիման վրա ռեժիսոր Արմեն Մազմանյանը բեմադրել է ներկայացում 18-րդ դարի վերջի ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Մարատի կյանքի և մահվան մասին, որի դերակատարները հոգեբուժարանի հիվանդներն են` Մարքիզ դը Սադի ղեկավարությամբ։ Ներկայացման մեջ հանդես է գալիս դերասան Սամսոն Ստեփանյանը:
«Գոյ»-ի նոր թատերաշրջանում ընդգրկված է անցած տարի երիտասարդական փորձարարական թատրոնի հետ համատեղ բեմադրած «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» ներկայացումը, ինչպես նաև ևս մի պրեմիերա` «Մահը», հեղինակ և բեմադրիչ` Ա. Տեր-Դանիելյանց:
Թատրոնն առջևում ևս մի քանի նոր ներկայացումներ կմատուցի` «Մեղր»` ըստ Տոնինո Գուերայի, «Հաշվետվություն ակադեմիայի համար»` ըստ Ֆրանց Կաֆկայի, և «Ճանապարհ…»` «Հովեր» կամերային երգչախմբի մասնակցությամբ:
«Գոյ» թատրոն-լաբորատորիան հիմնվել է 1991թ-ին Արմեն Մազմանյանի կողմից, ով նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Մինչև այսօր թատրոնը դեռ չունի պաշտոնական գրանցում, գործում է մայր թատրոնի վերնահարկում:










