Հայկական դուդուկը կունենա իր սեփական կայքը
Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում մարտի 31-ին տեղի կունենա «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարության կայքը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների հռչակում» ծրագրով գլուխգործոց է հռչակվել հայկական դուդուկի երաժշտությունը։ Այդ իսկ պատճառով ստեղծվել է կայք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և «Ի նպաստ մարդկության ոչ նյութական մշակութային արժեքների պահպանման և տարածման ճապոնական հիմնադրամի» ֆինանսավորմամբ:
Կայքի շնորհանդեսի առթիվ Հայաստան կժամանեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան, փարիզյան գրասենյակների ներկայացուցիչները:
Շնորհանդեսը կուղեկցվի համերգային գողտրիկ ծրագրով` մասնակցությամբ Գևորգ Դաբաղյանի, Գուրգեն Դաբաղյանի, Աննա Մայիլյանի, Կարինե Հովհաննիսյանի:










