Գերմանացի նկարչի ցուցահանդեսով Հայաստանում մեկնարկել են Գերմանիայի մշակութային շաբաթները
Այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվել է հայտնի գերմանացի նկարիչ Հորսթ Յանսենի ցուցահանդեսը, որն ազդարարել է Գերմանիայի մշակույթի շաբաթների մեկնարկը Հայաստանում։
«Հայ հանդիսատեսին ներկայացվել են Գերմանիայի արվեստի ամենախոշոր գործիչներից մեկի, համաշխարհային գծանկարիչ Հորսթ Յանսենի աշխատանքները»,- Tert.am-ին ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը։
Ըստ վերջինիս՝ ցուցահանդեսին ներկայացված են մոտ 120 գծանկանրներ, որոնք կատարվել են 1950-1970թթ.։
Վիկտորինը նաև հավելել է, որ հայ հանրության դատին հենց Յանսենի աշխատանքները ներկայացնելու ընտրությունը պայմանավորված է նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի ցանկությամբ։
Դեպսանը տեղեկացրել է, որ Երևանում ցուցահանդեսը կտևի մինչև ապրիլի 12-ը, իսկ այնուհետև գերմանացի նկարչի աշխատանքները կցուցադրվեն Գյումրիում, Կապանում և Մարտունիում։
Հավելենք, որ այս ամենով չի սահմանափակվում Հայաստանում Գերմանիայի շաբաթը։ Վիկտորինի համաձայն՝ այսպես կոչված «շաբաթը» կտևի երեք ամիս։ Երևանցիների համար կազմակերպվելու են տարբեր համերգներ, ցուցահանդեսներ։ «Շաբաթը» նաև կանդրադառնա կրթության ոլորտին։
«Այս տարի Գերմանիայում նշվելու են մի շարք կարևոր առիթներ։ Այդ տոները մենք նույնպես ցանկանում ենք ներգրավել Հայաստանում ընթացող միջոցառումների մեջ»,- նշել է նա։
Այսպիսով, կրթության բնագավառում միջոցառումները տեղի կունենան տարբեր մակարդակներով՝ դպրոցականների, ինչպես նաև ուսանողների համար։ Ըստ դեսպանի՝ երեք ամիսների ընթացքում անցկացվելու են գիտական կոնֆերանսներ և տարբեր սեմինարներ։










