Չորս հայ ուսանողներ ուսումնական դասընթացներ են անցնում Գերմանիայի բունդեսթագում
«Ծրագիրն արդեն հաջողությամբ մեկնարկել է։ Հայաստանը երկրորդ անգամ է մասնակցում այդ ծրագրին»,- նշել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով Tert.am-ի թղթակցի այն հարցին, թե որ փուլում է գտնվում «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանից գերմանական ծրագրին մասնակցելու համար ընտրել էին չորս ուսանող։
Հավելենք, որ ծրագրի շրջանակներում ուսանողներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ ժողովրդավարական գործընթացներին, օրենքների ընդունման կանոնակարգին և խորհրդարանի գործունեությանը։ Բացի այդ, կրթաթոշակ շահած ուսանողները կարող են աշխատել պատգամավորների հետ և միառժամանակ սովորել Բեռլինի համալսարաններից մեկում։
Ծրագրի մասնակիցներին ընտրում են հետևյալ չափանիշների համաձայն՝ գերմաներենի լավ իմացություն, ինչպես նաև մասնակցությունը տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատանքին։ Բոլոր ֆինանսական ծախսերը հոգալու է գերմանական կողմը, այդ թվում նաև՝ ճանապարհածախսը, կացարանը, ադմինիստրատիվ ծախսերը։
Դեսպանը նաև հավելել է, որ 2010թ. համար հայտերի ընդունման գործընթացն արդեն սկսել է։ Հավելենք, որ «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը մեկնարկել է դեռևս 20 տարի առաջ։ Տվյալ ծրագրին մասնակցում են 25 երկրներից մոտ 120 ուսանողներ։










