Երևանում ցուցադրում ու վաճառում են Ժանսեմ

12:25 • 21.03.09

“Արամե” պատկերասրահում բացվել է ֆրանսահայ անվանի գեղանկարիչ Ժանսեմի առաջին ցուցահանդես-վաճառքը, որ իրականացվում է Փարիզի “Ֆլորա Ժանսեմ” պատկերասրահի հետ համատեղ: Ցուցահանդեսում ներկայացված են նկարչի 43 աշխատանքներ` հիմնականում լիտոգրաֆիա (վիմագրություն):

“Թշվառների նկարիչ” անունը ստացած Ժանսեմի ստեղծագործության գլխավոր հերոսներից է կիսամերկ կինը` տարբեր հոգեբանական դրսևորումներով, բազմազան միջավայրերում, փոփոխական տրամադրությամբ: Երևանում ներկայացված աշխատանքներում էլ գերակշռում են Ժանսեմի կանայք:

Ժանսեմը` Հովհաննես Սեմերջյանը, ծնվել է 1920թ-ին Թուրքիայի Սելեզ քաղաքում (Արևմտյան Հայաստան), մանկությունը անց է կացրել հունական Սալոնիկում, այնուհետև տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում: Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցի շրջանավարտ Ժանսեմը 1944թ-ից սկսել է ցուցադրվել Անկախների սալոնում, իսկ 50-ականներին արդեն արժանացել է մի շարք մրցանակների` Ֆրանսիայում, եվրոպական մի քանի այլ երկրներում, Մեքսիկայում: Ժանսեմը այն բացառիկ նկարիչներից է, ում կենդանության օրոք բացվել է իր անվան 2 թանգարան` 2-ն էլ Ճապոնիայում: Այսօր նրա ստեղծագործությունները պահվում են աշխարհի մի շարք հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում:

Հայաստան Ժանսեմն առաջին անգամ այցելել է 1973թ-ին, իսկ 2001թ-ին իր “Եղեռն” շարքի 34 աշխատանքները նվիրել է Հայոց ցեղասպանության թանգարանին, դրանք այժմ թանգարանի մշտական ցուցադրության մաս են կազմում:

Երևանում Ժանսեմի ցուցահանդես-վաճառքը կշարունակվի մինչև ապրիլի 5-ը: