Հայկական թատրոնը` Մոսկվայում
Մանկական էսթետիկ դաստիարակության կենտրոնին կից Փոքր թատրոնը, պլաստիկ պարի «Միհր» թատրոնը և Հ.Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնը կմասնակցեն «Pro-թատրոն» ամենամյա թատերական ցուցահանդեսին, որը կանցկացվի ապրիլի 3-5-ը Մոսկվայի Նկարիչների միությունում՝ «Ոսկե դիմակ» թատերական փառատոնի շրջանակներում։ Այս մասին Tert.am-ին հայտնել է HighFest միջազգային փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը։
«Այդ երեք թատրոնները մեծ հաջողությամբ ներկայացրել են իրենց բեմադրությունները HighFest-ի նախորդ տարվա փառատոնին»,- նշել է Ղուկասյանը։
Ըստ նրա՝ «Pro-թատրոն» ցուցահանդեսին հայկական թատրոնների արտադրանքը ներկայացվելու է HighFest միջազգային թատերական փառատոնի հովանու ներքո։
Ցուցահանդեսի այցելուները կկարողանան ծանոթանալ հայկական թատրոնների ծրագրերին, պաստառներին, աֆիշներին, բացի այդ, ներկայացվելու են նաև բեմադրությունների տեսագրություններով ձայնասկավառակներ, ինչպես նաև HighFest-ի 2009թ. ծրագիրը։
Հ.Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, իր հերթին, որոշ մանրամասներ է ներկայացրել իր թատրոնի մասնակցության վերաբերյալ։
Այսպես, տիկնիկային թատրոնն իր կողմից կներկայացնի որոշ բեմադրությունների, այդ թվում՝ դրամատիկ և տիկնիկային, տեսաձայնագրություններ։ Բաբայանը հավելել է, որ այցելուներին ներկայացվելու են մեծերի համար նախատեսված «Ակակ» բեմադրության որոշ հատվածներ, երեխաների համար՝ «Փոքրիկ արքայազնը», ըստ Թումանյանի՝ «Հենց այդ Հուռին», ըստ Ցվետաևայի՝ «Կապույտ գունդը», «Աչքերի որսը» և «Սովածները» պլաստիկ բեմադրությունը։
Բացի այդ, տիկնիկային թատրոնը հատուկ գունեղ բացիկներ կներկայացնի, որոնք պարունակում են թատրոնի մասին տեղեկություններ անգլերեն լեզվով։
Նշենք, որ Մոսկվա է մեկնելու 19 –հոգանոց պատվիրակություն։ «Pro-թատրոնին» հայկական թատրոնների մասնակցությունը հնարավոր է դարձել Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։
Նշենք նաև, որ «Ոսկե դիմակ» փառատոնին Վահան Բադալյանի ղեկավարությամբ Փոքր թատրոնը կներկայացնի «Օֆելիայի ստվերների թատրոնը» բեմադրությունը։
2008թ. Հայաստանը մոսկովյան ցուցահանդեսին ներկայացրել էր 8 թատրոն։










