Ամրապնդվում է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը. շարունակվում է նախագծերի հայտագրումը
Հայ–թուրքական համատեղ կինոարտադրության գործնական հիմքերը դնելու և այն խթանելու համար «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների ծրագիրը» և «Հայաստան–Թուրքիա Կինոպլատֆորմը» շարունակում են լիամետրաժ-խաղարկային, փաստագրական և կարճամետրաժ կինոնախագծերի հայտեր ընդունել: Ստացված հայտերից հանձնաժողովը կընտրի 5-ական կինոնախագիծ Հայաստանից և Թուրքիայից, որոնց ամբողջական փաթեթը կներկայացվի Ստամբուլի կինոփառատոնի «Հանդիպում կամրջի վրա» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև կանցկացվի այդ նախագծերը զարգացնելուն ուղղված հատուկ սեմինար:
Հայաստան-Թուրքիա Կինոպլատֆորմը ձևավորվել է 2008թ-ի ապրիլին Ստամբուլում և դեկտեմբերին Երևանում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և «Անադոլու Քյուլթուր» ասոցիացիայի համագործակցությամբ անցկացված կինոսեմինարների արդյունքում: Կինոպլատֆորմն ընտրել է կինոն որպես քաղաքացիական և մշակութային երկխոսություն հաստատելու միջոց, նպատակ ունի մշակութային ցանց հիմնել 2 երկրների միջև, խրախուսել միջմշակութային երկխոսությունն ու փոխանակումը:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի համար կինոնախագծերի հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը 2009թ-ի մարտի 31-ն է:










