Նոր «Աշնան արև»-ի պրեմիերան կկայանա թատրոնի միջազգային օրը
Մարտի 27-ին` թատրոնի միջազգային օրը, Պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա նոր «Աշնան արև»-ի պրեմիերան` «Համախոհների» թատրոնի մասնակցությամբ: Բեմադրության և ձևավորման հեղինակը նորից ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Հովհաննիսյանն է, իսկ Աղունի դերում հանդես կգա ՀՀ վաստակավոր արտիստուհի Ջուլիետ Ստեփանյանը: Ներկայացման մեջ հանդես են գալիս նաև Արա Սարգսյանը, Սաթենիկ Գյուլբենկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանը: Նոր «Աշնան արև»-ը բեմադրվել է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 75-ամյակին ընդառաջ, որ կկայանա 2010թ.:
1977թ. Հրանտ Մաթևոսյանի կողմից գրված դրամատիկական այս վիպակը 1982թ. բեմադրվել է Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում նույն Արտաշես Հովհաննիսյանի կողմից: Սակայն Աղունի դերն այն ժամանակ հրաշալիորեն կերտել է ՀՀ վաստակավոր արտիստ Վիոլետտա Գևորգյանը, ում դերն էլ մարդկանց հիշողության մեջ վառ է պահել «Աշնան արև»-ը:










