Ո՞վ կդառնա Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար. 2 թեկնածու կա
Բոլորովին վերջերս Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց թատրոնի երիտասարդ բեմադրիչ Լիլի Էլբակյանը` Արմեն և Աննա Էլբակյանների դուստրը: Այս փաստը հիմք դարձավ, որպեսզի կրկին քննարկվի Արմեն Էլբակյանի` Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար դառնալու ենթադրությունը:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը թատրոնի միջազգային օրվա և «Արտավազդ» մրցանակաբաշխության առթիվ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակելու հարցը կլուծվի մինչև հուլիս, քանի որ, ըստ նրա, այս հարցը երկար ձգել չի կարելի: Նշված ժամկետը Հակոբ Ղազանչյանը ենթադրում է` մշակույթի նախարարի հետ վերջին հանդիպումից ելնելով:
Հակոբ Ղազանչյանը նշեց, որ «այսպես թե այնպես 2 հիմնական թեկնածու կար` Արմեն Էլբակյան և Նիկոլայ Ծատուրյան, և, հավանաբար, հենց այդ երկուսի մեջ էլ կկատարվի ընտրությունը»:










