Իտալիայում կայացավ Մեծ Եղեռնին նվիրված մենագրության շնորհանդեսը
Մարտի 26-ին Հռոմի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանի Քահանայապետական Լևոնյան վարժարանի արարողությունների սրահում՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և Ռիցոլի (Rizzoli) հրատարակչության կողմից կազմակերպվել է մեծանուն իտալահայ գրող, հրապարակախոս, գիտնական-հայագետ, Պադովայի համալսարանի ժամանակակից իտալական գրականության պրոֆեսոր Անտոնիա Արսլանի «Սմիրնայի ճանապարհը» (La Strada di Smirne) Մեծ Եղեռնին նվիրված մենագրության շնորհանդեսը։
Անտոնիա Արսլանն առավել հայտնի է հայ հասարակությանը, որպես Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) հեռուստաֆիլմի սցենարին հիմք ծառայած համանուն վեպի հեղինակ, որը լույս է տեսել
2004թ. և թարգմանվել ֆրանսերեն, անգլերեն, ճապոներեն, հունգարերեն, հունարեն, շվեդերեն, իռլանդերեն, սլովեներեն, ռումիներեն, թուրքերեն, արեւելահայերեն, արեւմտահայերեն և այլ լեզուներով՝ նվաճելով մրցանակներ, այդ թվում՝ Premio Campiello (2004 թ.), Premio Stresa di Narrativa (2005 թ.), Premio P.E.N., Premio Manzoni։ «Արտույտների ագարակը» (2007 թ.) տեսաֆիլմը ևս արժանացել է տասնյակից ավելի մրցանակների։
Բազում մրցանակների դափնեկիր Արսլանն աշխատանքային գործունեությունը սկսել է Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ուսումնասիրությամբ և երկհատորյակի իտալերեն թարգմանությամբ, իսկ Հայոց ցեղասպանության թեման մշտապես եղել նրա մենագրությունների կենտրոնում։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Իտալիայում հավատարմագրված երկրների դեսպաններ, դիվանագետներ։










