Հայկական թատերական «օսկար». բաժանվեցին այս տարվա «Արտավազդ»-ները
«Օսկարն ում շունն է, երբ կա «Արտավազդ»-ը», - հպարտացավ այս տարվա գլխավոր մրցանակակիրներից բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը, ում հեղինակած «Փրկության կղզի» ներկայացումը ճանաչվեց տարվա լավագույններից մեկը: Այս անվանակարգում մրցանակը կիսեց Երվանդ Ղազանչյանն իր «Տասներկուերորդ գիշեր»-ով:
Տարվա լավագույն դերասանները նույնպես 2-ն էին` Աշոտ Ադամյան «Մեծամոր» ներկայացման համար, և Դավիթ Հակոբյան` «Փրկության կղզի»: Տարվա լավագույն դերասանուհի ճանաչվեց Գոհար Իգիթյանը դրամատիկական թատրոնում «Սիրային խառնաշփոթ» ներկայացման իր դերի համար:
Լավագույն ռեժիսուրա անվանակարգում հաղթող ճանաչվեցին միանգամից 2 բեմադրիչներ` Նարինե Մալյանը` «Պատմություններ գնացքում», և Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնի ռեժիսոր Հրաչյա Ղազարյանը «Մի գնա բարկացած» ներկայացման համար:
Մալյան թատրոնի սարոյանական «Պատմություններ գնացքում» ներկայացումը «Արտավազդ»-ի արժանացավ ևս 2 անվանակարգերում` 2-րդ պլանի լավագույն դերասան` Գեորգի Հովակիմյան և դերասանուհի` Քրիստինե Հովակիմյան:
4 երիտասարդական անվանակարգերում 3 մրցանակի արժանացան մարզային թատրոնները. լավագույն երիտասարդ բեմադրիչ անվանակարգում «Արտավազդ»-ներ ստացան` Գյումրու թատրոնից Լյուդվիգ Հարությունյանը և Վանաձորի թատրոնից Նունե Խեչումյանը: Լավագույն երիտասարդ դերասան/դերասանուհի դարձան Թեմուր Աճեմյանը Վանաձորից և Լուիզա Ղամբարյանը դրամատիկական թատրոնից: Իսկ լավագույն երիտասարդական ներկայացում մրցանակը կիսեցին 2 բեմադրիչներ` Գրիգոր Խաչատրյանը` «Ֆանտոմային ցավեր», և Դավիթ Հարությունյանը` «Վերջին ուսուցիչը»:
Լավագույն պիես անվանակարգում «Արտավազդ»-ը բաժին հասավ Արա Երնջակյանին «Հոբելյանական հաճախորդ» ներկայացման համար, իսկ լավագույն սցենոգրաֆիա ճանաչվեց Երաժշտական կամերային թատրոնում Մերի Արեյանի հեղինակած «Հեյ, ով կա այդտեղ» ներկայացման բեմական ձևավորումը:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը միության Ոսկե մեդալներ հանձնեց Հրաչյա Աշուղյանին, Ալեքսանդր Քոչարյանին և Անտոն Աղայանցին: Իսկ թատերարվեստին անբասիր ծառայելու համար «Արտավազդ» ստացան Մարգարիտա Յախոնտովան, Վլադիմիր Գրիգորյանը և Եվգենի Սաֆրոնովը:










