Հայ թատրոնի խոհանոցը օդափոխության կարիք ունի
Թատրոնն արվեստի բազմահարկ շենքի այն բնակարաններից է, որն իր բնույթով արդեն բազմամարդ է` բեմի բանվորից մինչև դիմահարդար, հուշարար և, իհարկե, բուն ստեղծագործական կորիզը` դերասանից մինչև բեմադրիչ: Բայց այն հեղձուկը, որն այսօր իշխում է այդ բնակարանի խոհանոցում, ոչ թե մարդկանց ֆիզիկական ներկայության պատճառով է, այլ նրանցից շատերի բացասական էներգիայի, հակագեղագիտական, ստեղծագործողին անվայել քայլերի, ոչ արդիական ու քարացած կարծրատիպերի, ճանապարհ փնտրող, բայց անհեռանկար նկրտումների…
«Հայ թատրոնը մեծ քայլերով երիտասարդանում է», «Այսօր երիտասարդներն են, որ ուրախացնում ու հուսադրում են մեզ», «Երբ էր մեր թատրոնն այսքան մեծ թվով տաղանդավոր երիտասարդներ ունեցել»…
Թատրոնի «մեծերն» են այսպես հպարտանում նոր սերնդով, որի ոտքերը, սակայն, կապված են, որն ականատեսն է անառողջ քննադատության, ամենուր գլորվող բանբասանքների կծիկի, պաշտոնի համար մղվող պարզ աթոռակռվի ու էլի շատ արգելակող երևույթների, որոնք կազմում են «թատերական հեղձուկն» ու վաղուց դուրս են եկել խոհանոցի սահմաններից:
«Արտավազդ» մրցանակը, որը, կրելով պատմական արքայի մեծ անունը, կոչված է առանձնացնելու ու շեշտադրելու տարվա թատերական հաջողությունները, իրականում հերթական անգամ ջրի երես հանեց թատրոնի մարդկանց մի մասի` գուցե արդարացված մաղձը, մյուսների անվերապահ բայցև չբացատրված ինքնագոհությունը, կազմակերպիչների ոչինչ չխոստացող ու վաղուց սպառված ստեղծագործականությունը. էլ ուր մնան ընտրության անաչառությունն ու կողքինի հաջողությամբ ուրախանալ կարողանալու վեհությունը:
Ինչ մրցանակաբաշխության մասին է խոսքը, երբ այն նշանավորվում է ընդգծված ընտրողականությամբ, փակ-գաղտնի որակվելով ձգտում է առավելագույն համաչափ բաշխում կատարել, տարվա լավագույններ է հռչակում անուններ ու ներկայացումներ, որոնց մի մասը հանդիսատեսը, գուցե, կարդարացնի, իսկ մյուսներն իրենք կարդարանան` հուշելով ազգակցական, ընկերական կամ պարզապես բարի դրացիական կապերը թատրոնի այս կամ այն օղակում:
Արդյունքում մնում է իսկապես հպարտանալ «Արտավազդ»-ի 4 երիտասարդական անվանակարգերով, որտեղ տարեցտարի լրջանում է խոստումնալից մրցակցությունը. Հայ թատրոնն իսկապես երիտասարդանում է, բայց շատ դանդաղ ու դժվար: Ստեղծագործ ու բեմը նորով լցնելու ունակ երիտասարդների մեծ բանակից միայն քչերն են կարողանում ճեղքել թատերական ինստիտուտի` խորհրդային վերհուշ դարձած ակադեմիզմը, կամ ինչ-ինչ ձևերով հաճոյանալով թատրոնի “պատկան մարմիններին”` ճանապարհ հարթել դեպի մեծ բեմ:
Իսկ մինչ խոհանոցն օդափոխելու համար պատուհանը բացող կլինի, սերիալային լեզվից ու գեղագիտությունից ազդված դերասանները, նորին եկրպագող, բայց հնի մեջ ճահճացած բեմադրիչներն ու բնակարանի բոլոր մյուս անդամները կշարունակեն կրել իրենց ժպիտ-դիմակները:
P.S. Հետաքրքիր է, թե ինչ բովանդակության կենացներ էին խմում «Արտավազդ » մրցանակաբաշխությունից հետո «Հարսնաքար »-ում իրենց մասնագիտական տոնը նշող թատրոնի դեմքերը:










