Կանայք պահանջում են «Ամբողջը և հիմա»
Ապրիլի 2-ին, ժամը 17։00–ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիա կենտրոնում կկայանա «Ամբողջը և հիմա» կանանց ամենամյա ցուցահանդեսը։ Այս տարվա ցուցահանդեսի խորհուրդն իր տեքստով բացահայտում է արվեստի քննադատ, համադրող Եվա Խաչատրյանը.
«Ամբողջը և հիմա» կարգախոսը 1968-ին հեղափոխականների գրաֆիտիներից էր, որ համապատասխանում է այսօրվա Հայաստանի կանանց խնդիրների համատեքստին։
Թվում է, թե կանայք վերջերս շատ ավելի ակտիվ են։ Ոմանք, հայտնվելով հեռուստամեդիայի ոլորտում, այնտեղից դիրքորոշում են արտահայտում կանանց հիմնախնդիրների վերաբերյալ` Վիոլետ Գրիգորյան… ոմանք էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում, օրինակ` մշակույթի նախարար, սփյուռքի նախարար, մի քանի կանայք խորհրդարանում։ Վերջինների վերաբերյալ հարց է ծագում. ինչպիսի՞ դեր է ստանձնում կին քաղաքական գործիչը։ Արդյո՞ք նա կանանց խնդիրների լուծման համար քայլեր է ձեռնարկում, օգտագործում է իր ունեցած լծակները։
Կցանկանայի հիշատակել Ալեքսանդրա Քոլոնթային, ով, ներխուժելով Ռուսաստանի քաղաքականության, սոցիալական ակտիվության ոլորտ, իր գործունեությունը հատկապես նվիրեց կանանց խնդիրներին (20-րդ դարի սկիզբ)։ Նրա պայքարի արդյունքում են ստեղծվել ծննդատները և գինեկոլոգիական խորհրդատվությունները, մսուր-մանկապարտեզները, վճարվող ֆիզ. արձակուրդները և այլն։
Մեզանում, ինչ-որ իմաստով, ժամանակակից սոցիալապես ակտիվ, ինքնուրույն կնոջ կերպարի մարմնացումը Քոլոնթայն է։
Վերադառնալով մեր իրականությանը… 2009-ին նույնպես հայտնվեցինք մարտի 8-ից ապրիլի 7-ը նշվող կանանց միամսյակում։ «Տոնը» զայրացնող է իր բոլոր գայթակղիչ առաջարկություններով, քաբաբ-խորովածով համեմված (իբրև ազգային աքսեսուար) կնամեծար հաճոյախոսություններով։
Այս իրականությունը ենթակա է անվերջ կրկնության, եթե նահապետական իշխանության և հասարակության դեմ չպայքարենք խոսքով ու գործողություններով։
Կանայք պետք է տեսանելի լինեն ոչ թե իրենց արտաքինով և գեղեցկությամբ, այլ մտքով, խոսքով և գործունեությամբ։ Փողոցներում, ամեն քայլափոխի, բոլոր հնարավոր գովազդային պաստառների և ամսագրերի շապիկների վրա տեսնում ենք կնոջ մարմնի ակնհայտ շահագործում։ Դա ևս մեկ խնդիր է, որի լուծումը պահանջում է մոտեցումների վերանայում և փոխակերպում։
Գաղտնիք չէ, որ հանրապետության դպրոցների տնօրենների և ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կանայք են, ովքեր նախընտրական շրջանում ստրկաբար քշվում են իշխանական միջոցառումների և միտինգների։ Բայց և նրանց ձեռքերում է գտնվում հասարակական գիտակցության ձևավորման և դաստիարակութան կարևորագույն ոլորտներից մեկը։ Գիտակցելով այդ` կանայք ակտիվորեն պետք է զբաղվեն իրենց իրավունքների, հիմնախնդիրների արծածմամբ և լուծմամբ։
Պատահական չէ, որ այս ցուցահանդեսը բացվում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի նոր մշակութային կենտրոնում, որտեղ գործում են Հայաստանի ժամանակակից արվեստում հայտնի երկու կին արվեստագետներ` Կարինե Մացակյանը և Սոնա Աբգարյանը։
ԱՄԲՈՂՋԸ ԵՎ ՀԻՄԱ կարգախոսի ներքո կանայք շարունակում են պահանջել.
խոսքի ազատություն
իրավահավասարություն
տնտեսական անկախություն
կնոջ իրավունքները ոտնահարող ավանդույթների ոչնչացում
կնոջ և տղամարդու կարծրացած դերերի վերաիմաստավորում
Այս նախագիծը հերթական նախաձեռնությունն է` քաղաքականության և արվեստի կապի, ինչպես նաև` դրանց ներկայացուցչականության նոր ձևերի մասին խորհելու։ Սա ևս մեկ քայլ է գտնելու այն հնարավոր արտահայտումները, որտեղ միավորվում են հասարակա-քաղաքական բովանդակությունը և արվեստը»։










