Միասեռականությունը որպես ազգային անվտանգության սպառնալիք. բանավեճ

17:00 • 30.03.09

Սեռական փոքրամասնությունների խնդիրներին էր նվիրված իրավապաշտպան Միկա Դանիելյանի, քաղաքական և հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի միջև այսօր տեղի ունեցած բանավեճը։

Մեսրոպյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է միասեռականների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի պայմանագրերի կարգի բոլոր փաստաթղթերից հետ կանչի իր ստորագրությունները, քանի որ «այս խնդիրը հարկավոր է քննարկել ազգային անվտանգության և պատմա–մշակութային ժառանգության ռազմավարության տեսանկյունից»։
Նա նաև ավելացրել է, որ տվյալ հարցի իրավաբանական կողմի քննարկումների կարիքը չկա։ «Ցանկացած հարց արժե իրավաբանորեն քննարկել այն ժամանակ, երբ այս խնդիրը վերաբերում է հստակ քանակությամբ մարդկանց»,– ամփոփել է նա։

Իր հերթին, քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը հանդես է եկել ավելի ռադիկալ տեսանկյունից։ «Ես ինքս կենսաֆիզիկոս եմ, և լավ գիտեմ կենսաբանական կառուցվածքը։ Միասեռականությունը դա ուղղակի վարժանք է, սովորություն, ինչպես ոչ–ոք անառակ չի ծնվում, անառակ դառնում է»,– հայտարարել է նա։

Ստամբոլցյանի կարծիքով՝ ԴԻԱՀ–ի ի հայտ գալու պատճառն արժե փնտրել հենց միասեռականության մեջ։ Այսպես, նրա խոսքերով՝ 70–ական թվականներին ԱՄՆ–ը թույլ տվեց միասեռ ամուսնությունները, իսկ այնուհետև ստեղծվեց առանձին բնակավայր։ Այնուհետև առաջին զոհերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ հենց այս մարդիկ ունեն ամենաթույլ իմունային համակարգը։ Հենց այս ժամանակից էլ ԴԻԱՀ–ը սկսեց տարածվել։

«Այս հիվանդության հիմքում ընկած է միասեռականությունը»,– պնդել է նա։ Միասեռ կապերը, Ստամբոլցյանի կարծիքով, վտանգի տակ են դնում հայկական ժողովրդի գոյությունը։ «Տարբեր հանգամանքների բերումով շատերը լքել են հայրենիքի սահմանները, և այսօրվա դրությամբ մեր գլխավոր խնդիրն է պահպանել երկրում մնացած հայերի մաքրությունը»,– հայտարարել է Ստամբոլցյանը։

Բանավեճերի երրորդ մասնակից, Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Միքայել Դանիելյանն այլ կարծիք է հայտնել։ Նրա խոսքերով՝ ամեն օր աշխարհում ծնվում է 5–7% գեյեր և լեսբուհիներ, և նրանց այդպիսին ծնում է բնությունը։ «Մարդ պետք է ավելի հանդուրժող լինի»,– եզրափակել է Դանիելյանը։