Արմեն Ջիգարխանյանը պատմել է, թե որքան է իրեն օգնել Հեյդար Ալիևը
Ադրբեջանական 1news.az կայքը հրապարակել է ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հետ հարցազրույցը։
- Դուք հայ եք, ծնվել եք Երևանում, և դուք Խորհրդային Միության մարդ եք։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն ամենին, ինչ կատարվել է մեր ազգերի միջև։
- Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտելու իրավունք չունեն։ Թեկուզ, կենսաբանական տեսակետից, քանի որ ապրում են կողք կողքի։ Ողջ իմ կյանքն ապացուցել է դա, ես չեմ կարող ասել, որ, օրինակ, այսքան-այսքան ադրբեջանցի ընկերներ ունեմ, բայց ես հիանալի հիշում եմ, որ երբ աշխատում էի ռուսական թատրոնում, մենք Բաքվում հյուրախաղեր ունեինք. դա տոն էր։
Ըստ իս՝ Բաքուն աշխարհի թատերական քաղաքներից մեկն է, ամեն դեպքում, Խորհրդային Միության տարածքում։ Այստեղ շատ է մտավորականությունը, այն հզոր երկիր է՝ հզոր մշակույթով։
Ես մինչև այսօր հիշում եմ, թե ինչպես էր մեր մարզադաշտում ելույթ ունենում Զեյնաբ Խանլարովան, դա մի իրադարձությունն էր, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նույնիսկ ծիծաղելի է երդվել այդ սիրո մեջ։
Այսպես կասեմ. մտահոգիչն այն է, թե ինչպես են զգում խառնածին ամուսնությունների երեխաները։ Իմ կարծիքով՝ այս պարագայում ոչ մի հակամարտություն չի կարող լինել։ Ես իմ ողջ կյանքը նվիրել եմ թատրոնին, այստեղ ազգայնականության գաղափար չկա։ Նման հարց տամ. դու երբևիցե մտածե՞լ ես, որ Համլետը դանիացի է։ Չէ՞որ կարևոր են խնդիրները, որոնք նա բարձրացնում է։ Իմ կինը, օրինակ, ռուս է, և ինչու՞ այս հարցում պիտի հակամարտություն լինի. ես ընդհանրապես կարծում եմ, որ ամոթ է քննարկել նման թեմաներ, այսինքն դա կարելի է անել միայն նախնադարյան մարդկանց մակարդակով։
- Ես անդրադարձել եմ հայկական սփյուռքի հարցին, և Դուք մի տեսակ «սեր չխոստովանեցիք» հայ ժողովրդի հանդեպ։ Բայց պետք է խոստովանենք, որ Ռուսաստանի սփյուռքահայությունը շատ համախմբված է։ Կա՞ նման հասկացողություն, որ ցանկացած հայ ցանկացած ոչ հայից ավելի լավն է։
- Ո՛չ, ես չեմ կարծում, ավելին՝ նույնիսկ կհիասթափեցնեմ Ձեզ։ Կարծում եմ, որ «կոլեկտիվ» հասկացողությունն ամենևին էլ հայկական չէ։ Հայերը շատ անհատականացված ժողովուրդ են, և ես սա չեմ դասում առավելություններին կամ թերություններին, դա ուղղակի այդպես է։ Հայերը շատ փակ են։
- Ճանաչված հայերից ո՞ւմ հետ եք շփվում կամ ընկերություն անում։
- Ոչ մեկի հետ։ Ես չեմ ընտրում ընկերներին ըստ ազգային պատկանելիության։ Բայց ես մի ընկեր ունեմ, ում հետ մեծացել եմ դա մարզիչ Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանն է։ Ես շատ լուրջ են վերաբերվում «ընկերություն» հասկացողությանը, և եթե ճիշտն ասեմ, առավել հաճախ կեղծ հարաբերությունների դրսևորումների ականատես եմ եղել։
Ես չեմ արհամարհում սփյուռքի հետ շփումը։ Ի դեպ, Թայիր Սալահովի հետ էլ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել։ Մի անգամ, չնայած վաղուց՝ մի տասը տարի առաջ, ինձ զանգահարել էր Ադրբեջանի դեսպանը, հրավիրել էր թեյ խմելու։ Ես մեծ հաճույքով համաձայնվեցի, սիրում եմ ձեր թեյը (ծիծաղում է) և պատրաստվում էի գնալ, բայց վերջին պահին զանգահարեցին և ասացին, որ նրան ինչ-որ տեղ են կանչել, և մեր հանդիպումն այդպես էլ չկայացավ։
- Իսկ Հեյդար Ալիևի հետ շփվե՞լ եք։
- Եղել են նման դեպքեր։ Ես կարո՞ղ եմ պատմել այնպես, ինչպես եղել է։
- Իհարկե՛։
- Մի անգամ Բաքվում էի, վաղուց՝ սովետական ժամանակները, և հանդիպման ընթացքում Հեյդար Ալիևը ողջագուրվեց ինձ և ասաց. «Այս մարդուն ես հարգում եմ»։ Անցան տարիներ, և Մոսկվայում բնակարանի հետ կապված խնդիրներ ծագեցին։ Ինձ ասացին. «Եթե Քաղբյուրոյի անդամներից որևիցե մեկը ստորագրի, դու կստանաս բնակարանը»։ Այդ ժամանակ շփվում էի մի մարդու հետ, ով ճանաչում էր Հեյդար Ալիևին։ Նա էլ ասաց, որ նամակ գրեմ և Կարմիր հրապարակի փոստարկղ գցեմ։ Դե, ես իհարկե մտածեցի, որ այդ ամենը լուրջ չէ, և տարիներ կպահանջվեն, բայց նա ինձ վստահեցրեց, որ կփոխանցի Հեյդար Ալիևին։ Եվ որոշ ժամանակ անց Մայակովսկու թատրոնում փորձ էր, շփոթված ներս է մտնում թատրոնի տնօրենը և ասում, որ ինձ կանչում են։ Պարզվում է, որ ինձ կանչել էին բնակարանը նայելու։ Դա ինձ համար Հեյդար Ալիևն էր արել, բայց դրանից հետո ես չեմ հանդիպել նրան։ Բնակարանը, որտեղ ես այժմ ապրում եմ, ինձ բաժին է ընկել նման ճանապարհով՝ Հեյդար Ալիևի օգնությամբ։










