Հայ քանդակագործը նվաճում է Նյու-Յորքը
Ապրիլի 14-ին Նյու Յորքի հեղինակավոր Park Avenue Armory ամրոցի Wade Thompson Drill դահլիճում բացվել է Քանդակի և կիրառական արվեստի ամենամյա 12-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնը, որին մասնակցում է նաև ամերիկաբնակ հայ նկարիչ և քանդակագործ Էմիլ Գազազը:
Ինչպես Tert.am-ին հայտնեց արվեստագետի մամլո-քարտուղար Մերի Քալանթարյանը, հեղինակավոր այդ փառատոնին մասնակցում են ժամանակակից ամենահայտնի նկարիչներն ու քանդակագործները:
Airian Dome of Fine Art մշակութային կենտրոնը, որն ունի Էմիլ Գազազի ստեղծագործությունները ներկայացնելու բացառիկ իրավունքը, ներկայացրել է նկարչի վերջին շրջանի 25 աշխատանքներ` այդ թվում յուղաներկեր, գծանկարներ և քանդակներ:
Այս տարի Գազազն իր աշխատանքներն արդեն 3-րդ անգամ է ներկայացում Նյու Յորքում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 20-ը:
Էմիլ Գազազը ծնվել է Գյումրիում, 80-ականներին մեկնել է Միացյալ Նահանգներ և հաստատվել Լոս Անջելեսում: Նկարչի ինքնատիպ ստեղծագործությունները ցուցադրվել են Եվրոպայի, Ասիայի, Հյուսային և Հարավային ամերիկաների նշանավոր թանգարաններում և ցուցահանդեսներում: 2003 և 2007 թվականներին մասնակցելով Ֆլորենցիայի բիենալեին` Գազազն արժանացել է Lorenzo il Magnifico հեղինակավոր մրցանակին: Նկարիչը ամռանը պատրաստվում է անհատական ցուցահանդես ունենալ հայրենիքում, իսկ նրա ծննդավայր Գյումրիում կբացվի նկարչի տուն-թանգարանը:










