Տիգրան Սարգսյանն ու Հասմիկ Պողոսյանը վիճեցին ՀՀ կառավարության նիստի ժամանակ

15:27 • 16.04.09

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ թեժ բանավեճ է ընթացել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի միջև։

Վեճի առարկան է եղել «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, լարային, փողային նվագարանների գծով ուսման վարձավճարի փոխհատուցման չափը, միջոցների բաշխումը, ազգային, լարային, փողային նվագարանների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 3-ի N 769-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը, որը ներկայացվել էր կառավարության հավանությանն արժանանալու համար։

Տիգրան Սարգսյանը նախարարին խորհուրդ է տվել այն վերամշակել։ Խնդիրը կայանում էր նրանում, որ ուսման վարձավճարների փոխահատուցման չափերը մարզերի և Երևանի երաժշտական ուսուցիչների համար տարբեր էին։ Ըստ վարչապետի՝ մարզերի համար սահմանվող շուրջ 9 հազար դրամ փոխհատուցման չափը և Երևանի համար՝ 12 հազարը, հակասում է կառավարության որդեգրած քաղաքականությանը՝ տարածքների համաչափ զարգացման առումով։

Հասմիկ Պողոսյանն ամեն կերպ փորձեց պաշտպանել իր տեսակետը, սակայն վարչապետը անկոտրում մնաց։ Բանավեճն այնքան թեժ ընթացք ստացավ, որ Տիգրան Սարգսյանը նախարարին սկսեց անունով դիմել։ Նա զայրացած նշել է, որ նման վերաբերմունքի պատճառով մարզերից մարդիկ ձգտում են Երևան գալ։

Չնայած այն փաստի, որ Հասմիկ Պողոսյանը մինչև վերջ փորձեց պնդել իր տեսակետը, ՀՀ վարչապետի կարծիքը գերակայող էր, և որոշման նախագիծը չընդունվեց։