Երևանում մեկնարկել է հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ապագա լրագրողների և ռեժիսորների համատեղ ֆիլմերն այս օրերին ցուցադրվում են Երևանում: “Արվեստանոց խաչմերուկում” հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը մեկնարկել է ապրիլի 15-ին և կշարունակվի մինչև ապրիլի 17-ը` “Մոսկվա” կինոթատրոնում ցուցադրելով 3 երկրների սկսնակ մասնագետների աշխատանքները: Վերջիններս անցել են վավերագրական կինոյի արտադրանքի դասընթացներ և անձամբ ստեղծել իրենց ֆիլմերը: Յուրաքանչյուր ստեղծագործական խմբում ընդգրկվել են 2 տարբեր երկրներ ներկայացնող ուսանողներ:
“Արվեստանոց խաչմերուկում” հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքն է: Նախագծի իրականացմանը մասնակցել են երեք երկրների 72 ուսանողներ, ստեծվել է 42 համատեղ ֆիլմ: Ծրագիրը կյանքի է կոչվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ:
Երևանում ուսանողական ֆիլմերի ցուցադրությունների մուտքն ազատ է:










