Մինաս – 80. պատկերասրահը վաղուց այդքան այցելու չէր ունեցել

18:38 • 17.04.09

Ազգային պատկերասրահի ժամանակավոր ցուցադրությունների սրահում այսօր բացվեց Մինաս Ավետիսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Բացմանը ներկա լինելու համար այցելուների այնքան մեծ բազմություն էր հավաքվել, որ անգամ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, փոխնախարար Դավիթ Մուրադյանը, բազում պաշտոնատար անձինք, արվեստագետներ ու նկարչի ազգականներ ստիպված էին երկար հերթ կանգնել ներս մտնելու համար:

Ցուցահանդեսի 4 սրահներում ներկայացված են Մինասի տարբեր տարիների աշխատանքեր` գեղանկար և գրաֆիկա, որոնց մի մասը բերվել է Ջաջուռի նրա տուն-թանգարանից, նրա ընտանիքի, ինչպես նաև մասնավոր հավաքածուներից: Ցուցահանդեսում ներկայացված են նաև Մինասին պատկանող որոշ անձնական իրեր` սեղան, վրձիններ, կոստյում և այլն:

Ցուցահանդեսի առթիվ տպվել է նաև ներկայացված աշխատանքների հոբելյանական կատալոգը, որի ներածական հոդվածը գրել է հայտնի եվրոպացի արվեստագետ, Ալբերտ Լյուդվիգի անվան Ֆրայմբուրգի համալսարանի արվեստագիության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վիլհելմ Շլինգը:
Մինասի հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպելու և հոբելյանական կատալոգը տպագելու հարցում աջակցել են «Մինաս» հիմնադրամը՝ ի դեմս նկարչի ընտանիքի, ինչպես նաև Մոսկվայում հայկական մշակույթի զարգացման հիմնադրամը: