Երևանյան թատրոնի հաղթանակը ռուսական բեմում
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ և Բալթյան երկրների թատրոնների «Հանդիպումներ Ռուսաստանում» միջազգային 11-րդ փառատոնից վերադարձել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կիրիլ Լավրովի անվան գլխավոր մրցանակով, որը շնորհվել է «Կրքեր ըստ Ռևիզորի» ներկայացման համար: Արձանիկից ու դիպլոմից բացի, մրցանակը ներառում է նաև 50 հազար ռուսական ռուբլի դրամական պարգև: Ի դեպ, քաղաքի տարբեր թատրոններում այդ օրերին հանդիսատեսը հնարավորություն ուներ դիտել 3 տարբեր «Ռևիզոր»-ներ: այս համեմատության մեջ մեծ գնահատականի է արժանացել հատկապես հայկականը:
“Հանդիպումներ Ռուսաստանում” փառատոնին ամեն տարի մասնակցելու հնարավորություն ունեն ԱՊՀ և բալթյան երկրների բոլոր ռուսական թատրոնները, ներկայացումներն ընտրում է փառատոնի կազմկոմիտեն: Այս տարի հաստատվել էր 13 թատրոնների մասնակցությունը` այդ թվում Մոսկվայում հայկական դեսպանությանը կից գործող հայկանան թատրոնը “Վայ վայ” ներկայացմամբ: Հայաստանի ռուսական թատրոնն այս տարի փառատոնին մասնակցում էր 7-րդ անգամ:
Փառատոնին “Չայկա” ներկայացմամբ է հանդես եկել Բաքվի ռուսական թատրոնը, որն, ի տարբերություն երևանյան ռուսական թատրոնի, կարողացել էր Սանկտ-Պետերբուրգ տեղափոխել ներկայացման ողջ դեկորացիան:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար և ներկայացման բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը հատկապես առանձնացնում է հայկական “Ռևիզոր”-ում իրենց դերով փայլած երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանի և թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանի աշխատանքը:
Ալեքսանդր Գրիգորյանը կրթություն է ստացել հենց Սանկտ Պետերբուգում, Երևանում իր գլխավորած թատրոնը ունիկալ է համարում, քանի որ եթե ԱՊՀ այլ երկրներում գործող ռուսական թատրոններում աշխատում են մեծ թվով ազգությամբ ռուս գործիչներ, իրենց թատրոնի մեծ հպարտությունն է, որ կազմում մեծամասամբ ռուսերենին լավ տիրապետող հայեր են:
Առաջիկայում ռուսական դրամատիկական թատրոնը պատրաստվում է հանդիսատեսին ներկայացնել մի քանի նոր բեմադրություններ: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, մի քանի տարի է Վարշավա մեկնելու հրավեր ունեն, բայց չեն կարողանում գնալ, հրավիրվել են նաև Օդեսսա, Ռոստով և մի քանի այլ քաղաքներ, որտեղ գուցե հանդես գան առաջիկայում:
“Կրքեր ըստ Ռևիզորի” ներկայացման պրեմիերան կայացել է 2006թ-ի մարտին:










