Կամերային նվագախումբը «Անպատասխան հարց» կհնչեցնի
Այսօր երեկոյան Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը Արամ Ղարաբեկյանի գլխավորած Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի «Անպատասխան հարց» համերգը, որն իր անունը ստացել է ծրագրում
ներառված ամերիկացի կոմպոզիտոր Չարլզ Այվզի «Մտորումներ լուրջ թեմայի շուրջ» կամ «Անպատասխան մնացած հավերժական հարցը» ստեղծագործությունից: Այն գրվել է 1906թ-ին, Այվզի բնորոշմամբ` սա «տիեզերական լանշաֆտ» է , որտեղ լարայինները արտահայտում են դրուիդների լռությունը, որոնք ոչինչ չգիտեն, չեն տեսնում և չեն լսում, շեփորը հնչեցնում է «Գոյության հավերժական հարցը» և ֆլեյտաները մարդկային էակների նման որոնում են «Անտեսանելի պատասխանը»` հնչելով լարայիներին «հակառակ», բացառապես ուրիշ տեմպում և շարժման մեջ, բայց ի վերջո պատասխանը միակն է` «Լռությունը»:
«Անպատասխան հարց» համերգի ծրագրում ներառված է նաև Էդուարդ Հայրապետյանի «Կորուսյալ օդապարիկ» ստեղծագործությունը, որի հիմքում գրող Մերուժան Սիմոնյանի պատմվածքն է օդապարիկ կորցրած երեխայի ապրումների և զգացմունքների մասին: Համերգի ընթացքում կհնչեն նաև Բեթհովների «Մեծ ֆուգա»-ն և Բրամսի «Դաշնամուրային կվինետ»-ը :










