Լույս է տեսել գրաֆիկական վեպ Հայոց ցեղասպանության թեմայով

13:25 • 20.04.09

Ամրիկահայ Սոսի Կևոնյանի «Սոցիալ և մասնագիտական առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ լույս է տեսել «Մինչև հոգիների աճուրդը» գրաֆիկական վեպը, որի պատկերապատողն ու հեղինակը գեղանկարիչ Տիգրան Մանգասարյանն է: Գիրքն անգլերեն է, նվիրվում է «Հոգիների աճուրդը» ֆիլմի 100-մյա հոբելյանին: Վերջինս հիմնված է «Խոշտանգված Հայաստան» վեպի վրա, որը հեղինակել է ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարդիգանյանը` միակը, ով կարողացել էր կենդանի մնալ Խարբերդի մարզի Չմշկածակ քաղաքում բնակված Մարդիգանյանների բազմանդամ ընտանիքից: Հայտնվելով ԱՄՆ-ում` նա գրել էր գիրքը, որի հիման վրա էլ 1918թ. նկարահանվել է «Հոգիների աճուրդը» ֆիլմը:

Վերջինիս հաջողությունն այնքան մեծ էր, որ նրա հասույթը կազմել է 30մլն դրամ: Ի դեպ ֆիլմում Արշալույսն ինքն է խաղացել գլխավոր դերը: Սա փաստորեն Ցեղասպանության մասին առաջին ֆիլմն էր` ցեղասպանությունը վերապրած երիտասարդ աղջկա մասնակցությամբ: Տարիներ անց, սակայն, 2 ժամից ավել տևող ֆիլմից պահպանվել է միայն 20-րոպեանոց մի ժապավեն:

«Մինչև հոգիների աճուրդը» գրաֆիկական վեպում պատկերները վերապատմում են Արշալույս Մարդիգանյանի պատմությունը, ֆիլմի ստեղծման ընթացքն ու դրանից հետո ծավալված իրադարձությունները: Գրքի հեղինակ Տիգրան Մանգասարյանը վստահեցնում է, որ սա ժամանակ խնայելու, արագ և գուցե ավելի մեծ հետաքրքրությամբ կարդալու լավ հնարավորություն է: Այսպիսով, հնարավոր է պայմաններ ստեղծել, որ զարգացող աշխարհում գիրքը ինտերնետին ու հեռուստատեսությանը համընթաց քայլի:

«Մինչև հոգիների աճուրդը» պատկերավոր գիրքն ուղղված է հիմնականում օտարալեզու հանրությանը` որպես Հայոց ցողասպանության մասին պատմող ևս մի աղբյուր: Առաջիկայում նախատեսվում է գրաֆիկական այս վեպը թարգմանել նաև այլ լեզուներով:

2005թ. գրաֆիկական վեպ ստեղծելու առաջին փորձն է կատարվել,կրկին Տիգրան Մանգասարյանի կողմից և նորից ցեղասպանությունը վերապրած հերոսի մասին, այն կոչվում է «Լռություն»: