Ռուսական «Ոսկե դիմակ» հայ ռեժիսորին
Ռուսաստանում անցկացվող «Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոն-մրցանակաբաշխությանն այս տարի ներկայացված էր նաև հայ ռեժիսոր Գեորգի Իսահակյանի բեմադրած «Օրփեոս» օպերան, որը լավագույնն է ճանաչվել օպերային լավագույն ռեժիսուրա անվանակարգում ու արժանացել «Ոսկե դիմակ» մրցանակի:
Օպերան բեմադրվել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոնում, որի գլխավոր ռեժիսորը Գեորգի Իսահակյանն է։ Մոնտեվերդիի «Օրփեոս»-ի բեմադրության համար նաև «Կուլտուրա» թերթը Գեորգի Իսահակյանին ճանաչել էր տարվա լավագույն ռեժիսոր:
Առաջիկայում Գեորգի Իսահակյանի բեմադրությամբ երևանյան բեմում կլինի Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան, որը կնվիրվի մեր օպերային թատրոնի 75-ամյա հոբելյանին:
Գեորգի Իսահակյանը ծնվել և կրթություն է ստացել Երևանում, որպես դիպլոմային աշխատանք բեմադրել է «Անուշ» օպերան: Պերմի օպերային թատրոնից հրավեր ստանալուց հետո երկար տարիներ ապրում և աշխատում է այնտեղ, դասավանդում է տեղի արվեստի և մշակույթի ինստիտուտում, ղեկավարում է «Դյագիլևյան սեզոններ» փառատոնը: Գեորգի Իսահակյանը ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ է, պետական մրցանակի դափնեկիր:
«Ոսկե դիմակ» հեղինակավոր փառատոնն այս տարի անցկացվում էր 15-րդ անգամ՝ մարտի 27-ից ապրիլի 17-ը: Փառատոնի արտամրցութային «Մասկա պլյուս» ծրագրին մասնակցել է նաև երևանյան «Փոքր թատրոն»-ը՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը» վիզուալ ներկայացմամբ:










