Նորա Արմանին հանդես կգա Արմեն Ջիգարխանյանի հետ նույն բեմում
Ապրիլի 23-ին Երևանի պետական Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում կկայանա «Առանց վերադարձի իրավունքի» բեմադրության պրեմիերան` Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ: Ներկայացման մեջ ներգրավված է նաև Նորա Արմանին Մեծ Բրիտանիայից:
Պրեմիերայի նախաշեմին դերասանուհին կիսվել է իր տպավորություններով: Այսպիսով, ըստ վերջինիս, մասնակցությունն այդ նախագծին հայ դերասանների հետ ծանոթանալու հնարավորություն է ընձեռել:
«Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը իրականացվելու է Համահայկական թատերական նախագծի շրջանակներում: Ներկայացման ցուցադրման առաջարկի հեղինակն է Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Բեմադրության մեջ, բացի Արմանիից, ներգրավված են նաև այլ դերասաններ, ովքեր բնակվում են արտերկրում, մասնավորապես` Ստեփան Գանթալյան (Գերմանիա), Սամվել Մուժիկյան (Ռուսաստան), Արմինե Հովհաննիսյան (Բելառուս) և Կառլեն Սաֆարյան (Բելգիա):
«Նախքան այս նախագիծը ես ծանոթ չէի այս դերասաններին. չէ՞որ նրանցից շատերը խաղում են աշխարհի տարբեր երկրների բեմերում: Իսկ Ջիգարխանյանի հետ ես վաղուց եմ ծանոթ` դեռևս 86-87թթ»,- նշել է դերասանուհին:
Ըստ վերջինիս` նա Արմեն Ջիգարխանյանի հետ նկարահանվել է երկու ֆիլմերում` «Վերջին կայան» և «Աննա Տերյան»:
Խոսելով առաջիկա ներկայացման մասին` Արմանին տեղեկացրել է, որ այն բեմադրվելու է բելգիահայ բեմադրիչ, դրամատուրգ Կարոլինա Սաֆարյանի «Հայկական փաստաթղթեր կամ առանց վերադարձի իրավունքի» պիեսի հիման վրա:
Սաֆարյանի պիեսն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Գործողությունները ծավալվում են մեր օրերում:
«Իմ դերը հիշողությունն է: Այդ մասը ներկայացվելու է կարճ ֆիլմի տեսքով և կցուցադրվի ներկայացման ընթացքում»,- պարզաբանել է Նորա Արմանին:
Հավելենք, որ «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը կբեմադրվի ապրիլի 25-ին և 26-ին:










