Մարիինյան թատրոնն ու Վալերի Գերգիևը «Զատկական փառատոն» կբերեն Երևան

09:33 • 21.04.09

Մայիսի 3-ին և 4-ին Երևանում կկայանան 2 բացառիկ համերգներ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վալերի Գերգիևի մասնակցությամբ: Սա կլինի 149-ամյա թատրոնի առաջին այցը Հայաստան, դիրիժորն ինքը միայն ուսանողական տարիներին է եղել Երևանում:

Այս տարի արդեն 8-րդ անգամ անցկացվող «Զատկական փառատոն»-ի շրջանակներում Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը Երևանում կկատարի Վագներ, Չայկովսկի, Մալեր, Շչեդրին, նաև Հարությունյան և Միրզոյան: Համերգներից մեկին կմասնակցի նաև մենակատար Դենիս Մացուևը (դաշնամուր):

Մոսկովյան «Զատկական փառատոն»-ը հիմնել և իրականացնում է Վալերի Գերգիևը: Այս տարի փառատոնը մի քանի տարբեր ծրագրերում կունենա 100-ից ավել համերգ` շուրջ 500 մասնակիցներով, որոնք կկայանան Ռուսաստանի 28 քաղաքներում և առաջին անգամ նաև Երևանում: Փառատոնը բացվել է ապրիլի 19-ին Ռոդիոն Շչեդրինի «Սիմֆոնիկ դիպտիխ» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայով և կշարունակվի մինչև մայիսի 9-ը:

Օպերայի և բալետի Մարիինյան թատրոնը հիմնվել է 1860թ-ին Սանկտ-Պետերբուրգում: 1988թ-ից թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Վալերի Գերգիևն է: