«Բանի տեղ չդնելով ճգնաժամը». մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը

15:41 • 21.04.09

«Մեր փառատոնի նպատակն է բանի տեղ չդնել ֆինանսական ճգնաժամը», - բացումից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը: Փառատոնը կմեկնարկի վաղը` ապրիլի 22-ին, «Գարնան շունչ» համերգով, որին կմասնակցի Ազգային օպերայի և բալետի թատրոնի նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ: Այնուհետև փառատոնը կշարունակվի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կայանալիք ևս 5 համերգներով մինչև մայիսի 29-ը:

Համերգներից մեկին կմասնակցի Ռոբերտ Մլքեյանի գլխավոր Հայաստանի պետական կամերային երգչախումբը և կներկայացնի ուղղափառ հոգևոր երաժշտություն` «Անճառելի հրաշք» խորագրի ներքո: Այնուհետև կկայանա հայ արդի երաժշտության երեկո` նորաստեղծ «Երևան» տրիոյի մասնակցությամբ, որի կազմում են Արմեն Բաբախանյանը` դաշնամուր, Սյուզի Երիցյանը` ջութակ, և Արամ Թալալյանը` թավջութակ:

Մայիսի 15-ին «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը կնշի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյա հոբելյանը, իսկ մայիսի 22-ին հարգանքի տուրք կմատուցի Մենդելսոնին վերջինիս 200 ամյակի առթիվ: Փառատոնը կփակվի Հայաստանի մենակատարների պետական անսամբլի համերգով, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Զավեն Վարդանյան: Ամփոփիչ այս համերգին կմասնակցեն ԱՄՆ-ից ժամանած մենակատարներ:

Փառատոնի հիմնադիր և նախագահ Մարիամ Շահինյանն էլ չհերքեց, որ ֆինանսական ճգնաշամն ազդում է կազմակերպչական գործընթացի վրա, սակայն փառատոնին վնասում է գուցե քանակապես, բայց ոչ որակապես: