ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրն անդրադառնում է համայնքային խնդիրներին մշակույթի պրիզմայով
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, «Երաժշտություն և հանրային իրազեկում մարզերում. համայնքների կարիքների դիտարկումը մշակույթի պրիզմայով» ծրագրի շրջանակներում, Գյումրի քաղաքում կազմակերպեց համերգ և հանրային իրազեկման քարոզարշավ` նվիրված Շիրակի մարզում մարդու իրավունքների և հանդուրժողականության հիմախնդիրներին։ Համերգը ներկայացրեց Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ)` մաեստրո Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, վերացնել մշակութային մեկուսացումը և բարձրացնել հանրային իրազեկությունը համայնքների կարիքների վերաբերյալ` օգտագործելով մշակույթը և, մասնավորապես, երաժշտությունը` որպես այդ նպատակի իրականացման խթան։
Ծրագիրը կարևոր համագործակցություն է հաստատել «Շողակաթ» հեռուստաընկերության հետ, որը նկարահանում է վավերագրական ֆիլմեր` անդրադառնալով այն մարզերի գերակա խնդիրներին, որտեղ տեղի են ունենում համերգները։ Ֆիլմերում արծարծվում են աղքատության, գործազրկության, շրջակա միջավայրի մարտահրավերների, աղետների դեմ պաշտպանվածության, գենդերային, հանդուրժողականության և մարդու իրավունքների հիմնախնդիրներին առնչվող թեմաներ։ Այս ֆիլմերը կցուցադրվեն ազգային հեռուստաալիքներից մեկով։
Գյումրու միջոցառումը թվով հինգերորդն է։ Վերջին համերգը տեղի է ունենալու Դիլիջան քաղաքում մայիսի 5-ին` ուղղված Տավուշի մարզում շրջակա միջավայրի հիմնախնդիրներին։










