Երևանում կբացվի «Վերապրածներ» ցուցահանդեսը

12:10 • 22.04.09

Վաղը Նկարիչների միության տանը բացվելու է «Վերապրածներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդես, որտեղ ներկայացված են լինելու 1915թ. Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցների 40 լուսանկարներ։ Լուսանկարչական նախագծի հեղինակ Նազիկ Արմենակյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ ցուցահանդեսի նպատակը մեկ անգամ ևս հիշեցնելն է մեծագույն ողբերգություն վերապրած մարդկանց գոյությունը, որովհետև 10 տարի անց նրանցից որևէ մեկին անձնապես խոսեցնել հազիվ թե լինի։

Նա նաև ավելացրել է, որ միջոցառումը հանդիսանում է երկու տարիների աշխատանքի արդյունք և նրանում ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող եղեռնից վերապրածներ։ Ցուցահանդեսի բացումը տեղի է ունենալու ժամը 15-ին, մուտքն ազատ է։