«Առանց վերադարձի իրավունքի». այսօր Ջիգարխանյանի խաղին կհետևի ՀՀ նախագահը

14:22 • 25.04.09

«Առանց վերադարձի իրավունքի» բեմադրությունն արդեն հայկական բեմում է` Արմեն Ջիգարխանյանի, Նորա Արմանիի և մի քանի այլ ազգությամբ հայ, բայց արտերկրում ստեղծագործող դերասանների մասնակցությամբ, թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի բեմադրությամբ:

Երաժշտության հեղինակը ԱՄՆ-ում բնակվող Վալդիմիր Ոսկանյանն է, բալետմայստերը` Սվետա Երիցյանը՝ Վրաստանից: Ներկայացումը «Համահայկական թատերական նախագծի» առաջին բեմադրությունն է:

Նախապես մտադիր էին բեմադրել Ռիչարդ Կալինովսկու «Ծուռ մարդը» պիեսը, սակայն մի քանի տարբեր պտճառներով ի վերջո ընտրեցին բելգիահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանի «Առանց վերադարձի իրավունքի» պիեսը, որի հիմքում հայ և թուրք հասարակություններում նոր սերնդի ներկայացուցիչների փոխհարաբերություններն են՝ Հայոց ցեղասպանության ենթատեքստում:

Թեև Արմեն Ջիգարխանյանը դեռ նախորդ տարի նշել էր, թե այլևս ցանկություն չունի հանդես գալ բեմում, այդուհանդերձ, այսօր նա նորից խաղում է, ասաց, որ Հակոբ Ղազանչայանն է պնդել:

«Այսօրվա թատրոնը, գուցե, խոսքին այդքան մեծ ուժ չի տալիս, գուցե սա ինչ-որ ուրիշ քիմիական պրոցես է», -ասում է դերասանը` անդրադառնալով ներկայացման լեզվին. բեմում հնչում է հայերեն, ռուսերեն և անգամ մի փոքր թուրքերեն լեզուն:

«Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման պրեմիերան կայացել է ապրիլի 23-ին, այսօր երեկոյան այն կդիտի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վաղը նույնպես Ջիգարխանյանը բեմ կբարձրանա: