«Առանց վերադարձի իրավունքի» կամ փորձառու Ջիգարխանյանի երևանյան անփորձ ներկայացումը
Ռուսաստանում` գնացքի միևնույն վագոնում, հանդիպում են հայ և թուրք երիտասարդ դերասանները և չեն էլ ենթադրում, որ միևնույն տեղն են շտապում: Ավելին, շուտով նրանք «կեղբայրանան», քանի որ հայը կօգնի թուրքին հարթել հարաբերությունները ռուս ուղեկցորդի հետ, ու հետո նաև կսկսեն շոշափել իրենց ընդհանրացնող ամենակարևոր խնդիրը` ցեղասպանությունը կամ «1915թ-ի պատերազմը»:
Այս պատմությունն է պիեսի վերածել բելգիահայ դրամատուրգ Կարոլին Սաֆարյանը, որն էլ առիթ դարձավ, որպեսզի Արմեն Ջիգարխանյանը 74 տարեկան հասակում վերադառնա երևանյան բեմ: Կես դարից ավելի թատրոնում «եփված» դերասանին առաջին անգամ բեմում տեսնելու սպասումը մեծ էր, բայց նույնքան մեծ էր նաև հիասթափությունը:
Մոտ մեկ ժամանոց «ակնթարթային» ներկայացման մեջ Ջիգարխանյանի ներկայությունը` զուտ որպես թատերական կուռք-խորհրդանիշ, գուցե, արդարացված կլիներ, եթե բեմադրությունն ունենար այլ շահեկան կողմեր և այն դիտելուց հետո դատարկության զգացողությունն այսքան մեծ չլիներ: Արդյո՞ք ցեղասպանություն թեման միայն բավական է հանդիսատեսին հիացնելու համար, այն էլ` նման անհաջող բեմադրության մեջ: Փորձ էր արված ներկայացումը ժամանակների նոր շնչով մատուցել, փոխարենը ստացվել էր ժամանակակից թատրոնի մի քանի հնարքների անփորձ կիրառություն` իրարից անկախ ու աններդաշնակ: Բեմի կենտրոնում տեղադրված էկրանն իսկապես գնացքի շարժումն արտահայտելու հետաքրքիր լուծում էր, բայց ինչ գեղագիտական նպատակներ էր հետապնդում բեմի մեկ այլ, մասնատված հատվածում շղարշի ետևում պլատիկ շարժումներ իրականացնող երիտասարդ պարուհին, ով հետո բեմի իր հատվածը պիտի զիջեր ներկայացման 3 հերոսներին: Վերջիններս պիտի կրկնեին ներկայացման առաջին մասում իրենց հնչեցրած տեստքի հատվածներ` 3 լեզուներով ու ազդարարեին բեմադրության փառահեղ ավարտը: Պարը, որ բեմադրել էր Վրաստանը ներկայացնող հայ բալետմայստերը և կատարում էր Բելառուսում այժմ աշխատող երիտասարդ հայ պարուհին, առանձին կամ մեկ այլ համատեքստում գուցե կարելի կլիներ հաջողված համարել, իսկ այստեղ թողեց միայն ևս 2 անուն ներառելու անհրաժեշտության տպավորություն: Ներկայացման մեջ կիրառված մեկ այլ` տեսական հնարք, նույնպես ոչ մի շահեկանություն չհաղորդեց. հայերենով ու ռուսերենով հայ և թուրք երիտասարդներն ինքնարտահայտվում ու միմյանց լեզու գտնում էին ենթագիտակցական զգայական մակարդակում: Ավելորդ է խոսել բեմի ձևավորման, երաժշտության օգտագործման, լույսի և ներկայացումը կառուցող այլ գործոնների մասին, երբ նույնիսկ դերասանական խաղ, որպես այդպիսին, չկար:
Նախագծի հեղինակներն ամենուր շեշտում են աշխարհի տարբեր անկյուններից այսքան հայերի միևնույն բեմում հավաքելու դժվարությունը, ժամանակի սղությունն ու իրենց նպատակի կարևորությունը, սակայն նույնանման նպատակներ բոլորովին այլ համատեքստում ու հնարքներով կարելի է ներկայացնել, այլ պայմաններում ու քիչ թե շատ մշակված:
Հակոբ Ղազանչյանի բեմադրած «Առանց վերադարձի իրավունքի» «համահայկական» ներկայացումը որոշակի գումար (ենթադրում եմ ոչ փոքր) շատ արագ թատերական նախագծի մեջ ծախսելու, մեծ ու հնչեղ անուն ստեղծելու և գուցե այլ նպատակներ էլ էր հետապնդում, համենայնդեպս, գեղագիտության մասին ներկայացման ստեղծողները երևի մոռացել էին: Գուցե այդ մասին հիշելու կարիք էլ չկար. հաճախ գեղագիտությունն ու որակը տեղ ունեն, երբ կա մրցակցություն ու պայքար հաղթանակի համար: «Համահայկական թատերական նախագծի» շրջանակներում բեմադրված ներկայացումն իրականացվել էր մշակույթի նախարարության պատվերով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո (ով նույնպես պատվեց դիտել նոր բեմադրությունն ու արժանանալ Ղազանչյանի ու Ջիգարխանյանի անվերջ շնորհակալություններին): Կասկածի տեղ չի կարող թողնել մի ներկայացում, որը բեմադրում է թատերական գործիչների միության նախագահը, մասնակցում են Հայաստանից դուրս ստեղծագործող 5 հայ դերասաններ` այդ թվում բեմի և էկրանի լեգենդներից Արմեն Ջիգարխանյանը, հմայիչ Նոռա Արմանին (վերջինս բեմի վրա հանդես էր գալիս տեսագրված ժապավենի մեջ):
Այս պահին ավելորդ է անգամ մտածել, թե որքան գումար է ծախսվել այս նախագծի վրա` հերթական փաստաթղթում «կատարված է» կնիքը դրոշմելու համար, և թե որքան տեղին այդ գումարը կլիներ ճգնաժամ ապրող մեր երկրի` շատ վաղուց ճգնաժամից դուրս չեկող մշակույթի որևէ բնագավառում, թեկուզև մի քանի տաղանդավոր երիտասարդ բեմադրիչների հետաքրքիր գաղափարներն իրականացնելու համար:
P.S. ՀՀ նախագահի և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ներկայությամբ առաջին անգամ էի թատերական ներկայացում դիտում: Բեմադրության գեղագիտությունից ու որակից անկախ` ցանկություն ունեցա, որ նրանք հաճախ նման այցեր կատարեն, որպեսզի գոնե ժամանակ առ ժամանակ թատրոնում այդքան մեծ թվով և այդ աստիճան սիրալիր սպասարկող անձնակազմ լինի: Իսկ ներկայացումը ժամանակին սկսելու խիստ հայկական բարդույթն այդպես էլ չհաղթահարվեց:










