«Հայ-թուրքական կինոպլատֆորմ»-ը սկսում է աշխատանքային փուլ

14:14 • 27.04.09

Ապրիլի 4-18-ը անցկացված Ստամբուլի 28-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը, որի ձևավորման անհրաժեշտությունը հաստատվել էր 2008թ-ի ապրիլին Ստամբուլում և դեկտեմբերին Երևանում կայացած հայ-թուրքական կինոսեմինարների ժամանակ: Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը կայացել է ապրիլի 16-ին Ստամբուլի կինոփառատոնի Meetings on the bridge/Հանդիպումներ կամուրջի վրա/ ծրագրի շրջանակներում` Թուրքիայի, ինչպես նաև տարբեր փառատոների, կինոծրագրերի, հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայաստանից շնորհանդեսին ներկա են եղել «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը և ծրագրերի պատասխանատու Հասմիկ Հովհաննիսյանը:

Միջազգային տարբեր կինոֆորումների և հիմնադրամների ներկայացուցիչներից մի քանիսն արդեն ցանկություն են հայտնել հայ-թուրքական կինոպլատֆորմը ներկայացնել նաև իրենց մոտ:

Նշված հանդիպում-քննարկումների ընթացքում մշակվել է աշխատանքային մի նախագիծ Հայ-թուրքական կինոպլատֆորմի հետագա զարգացման համար: Մասնավորապես որոշվել է առաջիկայում ամփոփել հայ-թուրքական լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի հայտագրումն ու սկսել դրանց զարգացումը: Նախապես տարածված հայտարարությամբ մինչև օրս թուրքական կողմը ստացել է շուրջ 30 հայտ, իսկ հայկականը` 12, ինչը փոքր թիվ չէ` հաշվի առնելով այն, որ Թուրքիայում տարեկան նկարահանվում է շուրջ 30 լիեմամետրաժ ֆիլմ, իսկ Հայաստանում` 2-3: Հայաստանում Հայ-թուրքական կինոպլատֆորմի համար հայտերի ընդունումը կշարունակվի մինչև մայիսի 15-ը, ինչից հետո յուրաքանչյուր կողմից կընտրվի 5-ական նախագիծ: Վերջիններիս հեղինակների համար հունիս-հուլիս ամիսներին կկազմակերպվի համատեղ workshop` մասնագիտական հմտությունները զարգացնելու, նախագիծը/սցենարը մշակելու և դրանք տարբեր միջազգային հիմնադրամներին ներկայացնելու համար:

Հայաստանում Հայ-թուրքական կինոպլատֆորմի շնորհանդեսը կկայանա 6-րդ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, ընտրված նախագծերը կներկայացվեն հուլիսի 14-16-ը կայանալիք «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի ժամանակ:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի շրջանակներում նախատեսվում է ստեղծել նաև համատեղ կայք, որը յուրահատուկ վիրտուալ աշխատանքային դաշտ կդառնա 2 կողմերի կինոգործիչների, ծրագրով հետաքրքրվողների համար: 2009-ի նոյեմբերին կայանալիք Ստամբուլի վավերագրական կինոյի փառատոնն արդեն ցանկություն է հայտնել իր ծրագրում ցուցադրել նաև հայկական վավերագրական ֆիլմեր, իսկ գալիք տարի ապրիլի Ստամբուլի միջազգային կինոփառատոնը կներկայացնի նաև հայկական ֆիլմերի առանձին ծրագիր:

Ստամբուլում նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որպեսզի «Ոսկե Ծիրան»-ի կինոդպրոցի առաջիկա դասընթացներից մեկը վարի որևէ թուրք կինոգործիչ: